«Ինքն ուղղակի օդի մեջ խոսող է». քաղաքագետը՝ վարչապետի հայտարարությունների մասին
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։
«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հավելել է, թե շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ և պարզաբանել. «Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե՜րջ»։
168.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նշյալ ռազմավարական նպատակադրումները, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ես Նիկոլ Փաշինյանի ասածներին վաղուց լուրջ չեմ վերաբերվում, ընդհանրապես դատարկաբանություններ են: Եթե մարդ ասում է՝ այսինչ թվականին այսինչ բանն է արվելու, ինքն իր խոսքը պետք է հիմնավորի:
Նորմալ է, երբ պետությունը նախանշում է իր զարգացման հեռակա պլանը, բայց ինչ վերաբերում է Փաշինյանին, ինքն ուղղակի օդի մեջ խոսող է: Հեղափոխությունից առաջ էլ բազմաթիվ խոստումներ է տվել տարբեր օրենքների, Սահմանադրության հետ կապված՝ անցել-գնացել է, ինքն իր խոսքերից հրաժարվել է: Ուղղակի խոսքի գինը և արժեք չունեցող անձնավորութուն է»:
«Արցախը Հայաստան է, և վե՜րջ»՝ վարչապետի հայտարարությանն անդրադառնալով՝ քաղաքագետը նկատեց, որ, երբ հայտարարություն է անում պետության ղեկավարը, ինքը պետք է նախ հաշվի առնի իր հայտարարությունների մեխանիզմները, քաղաքականությունը՝ ինչպես է դա իրագործելու և տվյալ բանակցային ու միջազգային իրավիճակը, որովհետև հիմա շատ լուրջ փոփոխություններ են մեր ռեգիոնում.
«Ես չեմ կարծում, որ ինքն ունի որոշակի քաղաքականություն, տարածաշրջանի վերլուծություն: Լավ բան է ասում՝ մենք բոլորս ողջունում ենք և այդ ձևով ենք մտածում, բայց երբ պետության ղեկավարն ինչ-որ բան է ասում, պետք է հիմնավորումներ ունենա: Դրա համար, ինչպես տարբեր ոլորտներում, սա, բանաստեղծությունները, այդ հայտարարություները, դատարկ խոսքեր են. դրանք պետական քաղաքականությամբ, վերլուծությամբ հիմնավորված խոսքեր չեն»:
Զարուհի Դիլանյան