Մոսկվայում վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:
Մասնավորապես` Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը: Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով:
Ռուսական պաշտոնական աղբյուրների համաձայն` ներկայումս բերման ենթարկվածների թիվը կազմում է 89 քաղաքացի:
2019 թվականի սեպտեմբերին անցկացվող Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին ընտրական հանձնաժողովը չի գրանցել երկու տասնյակից ավելի անկախ թեկնածուների: Համաձայն չլինելով այդ որոշումների հետ՝ անկախ թեկնածուները հուլիսի 27-ին չարտոնված բողոքի ակցիա էին կազմակերպել Մոսկվայում: Այդ ժամանակ իրավապահ մարմինները ավելի քան 1400 քաղաքացի էին բերման ենթարկել ոստիկանության բաժին: Ներկայումս ավելի քան 40 մարդ կալանավորվել է և դատապարտվել: