«Ներդրողները միամիտ չեն, մի երկրում, որտեղ դատավորներին պառկեցնում են պոլին, իսկ մարդկանց ծեփում պատերին՝ չեն կարող ներդրում անել». Գևորգ Պետրոսյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չակտիվանա, ապա հայտնվելու է լուսանցքում։

168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե նման մտավախություն ունի՞։

«Չգիտեմ, թե պարոն Քոչարյանը որ քաղաքական ուժին է նկատի ունեցել, բայց սրանից ակտիվ ի՞նչ կարող ենք անել։ Առանց այն էլ մի խոսք ենք ասում, կլիպ են ստեղծում իմ համար, պատկերացրեք մարդկանց պարապությունը, որ ես քաղաքական հարցեր եմ բարձրացնում, նրանք կլիպ են սարքում։ Մենք, փաստորեն, հասել ենք այն օրվան, որ շատերը կարծիք հայտնելուց են վախենում, մտածելով՝ կկորցնեն իրենց մանդատը։ ԲՀԿ-ն լուսանցքում հայտնվելու որևէ վտանգ չունի, քանի որ ժողովուրդն է տալիս մեր քաղաքական ուժի ու կուսակցության գնահատականը։ Ես հարգում եմ ՀՀ երկրորդ նախագահին, նա իր կարծիքն է արտահայտել, բայց ասում եմ, որ ԲՀԿ-ն որևէ պարագայում քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկար չունի»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ այսօր ամեն ինչ անում են, որպեսզի արդարացնեն ժողովրդի սպասումները։

«Փոխանակ ասեն, թե ինչո՞ւ այս կառավարությունն աշխատատեղ չի ստեղծում, ասում են, թե ինչո՞ւ է  Ծառուկյանը վերջին մեկ տարվա մեջ նոր բիզնեսներ դրել։ Այսօր ՀՀ կառավարությունն անգամ մեկ տասներորդով չի կատարել ժողովրդին տված իր խոստումները։ Մեկ ոլորտ ասեք, որ մենք նշանակալից առաջընթաց ունենք, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, ասում էին, որ աշխատավարձերը, թոշակները կրկնապատկվելու են, ո՞ւր է բա, ասում էին՝ ներդրողները գալու են Հայաստան, բայց այսօր ներդրող չկա, որովհետև ներդրողները միամիտ չեն, ուսումնասիրում են երկիրը և ասում՝ եթե այստեղ դատավորներին կարող են պառկեցնել պոլին, իսկ մարդկանց ծեփել պատերին, ներդրում չեն կարող անել»,- շեշտեց Գ. Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս