«Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան՝ սահմանապահ բնակիչներին դարձրեցին սահմանամերձ». Վարդանովը՝ սահմանային իրավիճակի մասին
Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի իրադարձությունները շատ քիչ առնչություն ունեն Նախիջևանից եկող այն վտանգների հետ, որոնց մասին մեկ տարի շարունակ բարձրաձայնել է և այդպես էլ պատասխան չի ստացել։
«Իրականում սահմանային լարվածությունն ուրիշ հարցեր է լուծում, այն լուծում է երկրորդ գծի դատարկման հարցը, որովհետև շատ հաճախ մենք ռազմական գործից չենք հասկանում, նույնիսկ բարձրաստիճան զինվորական գործիչները չեն հասկանում։ Երկրորդ գիծը սահմանին մոտ ապրող սահմանապահ բնակիչն է։ Փաստորեն, այնտեղից բնակչին հանելով՝ մեր երկրորդ գիծը դատարկվում է»,- ասաց Վովա Վարդանովը։
Նրա բնորոշմամբ՝ հայկական կողմը հայտնվել է «ռինգի» անկյունում, և թշնամին որ կողմից ցանկանում՝ հարվածներ է հասցնում, և եթե հանկարծ այնպիսի հարված հասցնի, որ առաջնագիծը ճեղքի, ապա երկրորդ գիծը դատարկ է մնալու։
«Այս ամենը մեր ռազմաքաղաքական ղեկավարության շնորհիվ է այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, առանց ընդհատումների մինչև Նիկոլ Փաշինյան։ Մեզ մոտ սահմանապահի փոխարեն՝ բնակչությանը դարձնում են սահմանամերձ»,- շեշտեց Վ. Վարդանովը։
Նա ընդգծեց, որ թշնամու միակ նպատակը սահմանապահ գյուղերը դատարկելն է, ինչին աստիճանաբար գնում է։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվող հանձնաժողովին, Վովա Վարդանովն ասաց, որ հանձնաժողովի ստեղծման դրական է վերաբերվում։
«Եթե մենք խելացի լինենք և դրան քաղաքական աստառ տալու փոխարեն՝ հետևություններ անենք, ապա կշահենք»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան