«Հետախուզությունը պետք է ճիշտ հետախուզի, կրակային խոցումը՝ ճիշտ խոցի, այդ երկուսի համադրելիությունը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետներում ավելի հստակ խոցել»
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի և եկող տարվա ընթացքում շարունակելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Այն, ինչ հայտարարվել է, լրացուցիչ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այս տարի և եկող տարվա ընթացքում արդեն պայմանագրերի հիման վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը, շարք կանգնեցումը: Ընդ որում, տվյալ ռազմական տեխնիկան վերաբերվում է հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին:
Դրանք նաև ավելացնելու են հետախուզության կրակային հզորությունները մեր զինված ուժերում: Հետախուզությունը պետք է ճիշտ հետախուզի, կրակային խոցումը՝ ճիշտ խոցի, այդ երկուսի համադրելիությունը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետներում ավելի հստակ խոցել»,- ասաց Դավթյանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ երկու օր առաջ եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: «Այնտեղ արդեն փորձարկումներ անցել են իրենց ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշակի ռազմական տեխնիկայի նմուշներ, հիմնականում նշանոցներ, հակաօդային պաշտպանության և կրակի կառավարման միջոցներ: Համագործակցության շրջանակներում հույս ունենք Արցախի Հանրապետությունից վերցնել նման միջոցներ, որովհետև բավականին արդյունավետ են, գին-որակ համադրության մեջ մեզ համար բավականին հետաքրքիր են»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, Հայաստանում կլինեն արդեն այս տարվա վերջ–հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։
Հարցին՝ արդյոք նոր սպառազինության տեսակներ ձեռք բերելո՞ւ են, թե ո՞չ նախարարը պատասխանել էր. «Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»: