«30 տարի է՝ լսում եմ՝ ազգը կործանվում է. հանգիստ թողեք ազգը, կոնկրետ գործից խոսեք». Ռուբեն Բաբայանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը որևէ սարսափելի բան չի տեսնում Ստամբուլյան կոնվենցիայի մեջ:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ճիշտ կլիներ հանրային քննարկում կազմակերպել՝ դեմ և կողմ կողմերի մասնակցությամբ, և կետ առ կետ բացատրել, որպեսզի հանրության համար ամեն ինչ ավելի պարզ լինի:
«Վախերի կամ ինչ-որ սպառնալիքների վրա հիմնված կարծիքը երբեք պատճառաբանված չէ առողջ տրամաբանությամբ: Կարծում եմ՝ շատ հանգիստ կարելի է հենց Հանրային հեռուստաընկերությամբ առողջ քննարկում կազմակերպել՝ իրավաբանների, ազգագրագետների մասնակցությամբ, քանի որ կան վախեր, թե դրանք մեր ազգային արժեքների դեմ են: Առանց ազգակործան կամ ազգափրկիչ ծրագիր ներկայացնելու՝ պետք է առողջ հանրային քննարկում անցկացնել: Վերջիվերջո, արժանի ենք սթափ տրամաբանական վերլուծության, իսկ մնացած բոլոր ձևերը համարում եմ սպեկուլյատիվ»,- ասաց Ռ. Բաբայանը:
Նա ընդգծեց՝ միջազգային տարբեր պայմանագրերն ու կոնվենցիաները դեռ պետք է կարողանալ կյանքի կոչել.
«Ցավոք, մենք բազմաթիվ փաստաթղթեր հաճախ ձևականության համար ենք ստորագրում: Եթե մենք դա անում ենք ինչ-որ մեկին ցույց տալու համար, ավելի լավ է՝ չանենք»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե կոնվենցիայով վտանգվում է հայկական ավանդական ընտանիքը, նա ասաց, որ տպավորություն է, թե այդ կոնվենցիան գրված է հայերի համար, իսկ իրականում նման բան չկա, այն վերաբերում է շատ ու շատ երկրների.
«Ժամանակն առաջ է գնում, և կան բաներ, որոնցից պետք է հրաժարվել, որոնք պատիվ չեն բերում: Oրինակ՝ «կարմիր խնձորի» գաղափարը, որը ստորացուցիչ բան է կնոջ հանդեպ, էլ չեմ ասում, որ ժամանակին նույնիսկ այդ սավանն էին հարևաններին ցույց տալիս: Հիմա ասենք՝ դա ազգային արժե՞ք է: Ինձ համար ազգային արժեքը Կոմիտասն է, «Զվարթնոցը», այլ ոչ թե այն, որ տղամարդն իրավունք ունի երեխային հայրական ապտակ տալ»:
Կանանց իրավունքները, նրանց պաշտպանվածությունը, ըստ Ռուբեն Բաբայանի՝ խնդիր է, որը կա ամբողջ աշխարհում.
«Սա հայկական բան չէ, սա կա ամբողջ աշխարհում, որ կինը պաշտպանության, իրավահավասարության կարիք ունի: Բայց սա միայն փաստաթղթով չի լուծվում, այլ՝ դաստիարակությունով ու կրթությունով: Նորմալ, կիրթ հասարակության մոտ դա որևէ վախ չի առաջացնում, և ընդհանրապես, վախերով առաջնորդվելը շատ վտանգավոր է, մենք կարող ենք առաջընթաց ապահովել միայն վախերը հաղթահարելով:
Յուրաքանչյուր պետություն իր հասարակությունն է, յուրաքանչյուր հասարակությունն այն մարդիկ են, որոնք կազմում են այդ հասարակությունը, և եթե այդ մարդիկ իրենց մտածողության մեջ ազատ չեղան՝ տրամաբանորեն վերլուծելով բոլոր փաստերը, եթե շարունակեն առաջնորդվել վախերով, պետությունը երբեք չի դառնա ազատ-անկախ, եթե նույնիսկ միլիոն հատ նման կոնվենցիա ստորագրի: Ես հասարակության զարգացումն ավելի բարձր եմ դասում, քան նման փաստաթղթերի ստորագրումն ու վավերացումը»:
Նման փաստաթղթերի ստորագրումը, նրա խոսքով՝ փաստում է, որ խնդիրներ կան. «Խնդիրներ իսկապես կան, մենք կարո՞ղ ենք ասել, որ չունենք բռնության խնդիր, որ մեր կանայք հասարակության ընկալման մեջ հավասար են տղամարդկանց հետ, իհարկե ոչ: Այստեղ թաքցնելու բան չկա, մենք յուրատեսակ չենք այս առումով, սա ծիրան չէ, որ միայն մերն է: Ես կարծում եմ՝ շատ հանգիստ պետք է այդ ամենը քննարկել՝ առանց իրար վիրավորելու, պիտակավորելու, և պետք է միանգամից հրաժարվել որոշակի տերմինաբանությունից՝ ազգակործան և ազգափրկիչ: Ես այս 30 տարի է՝ լսում եմ՝ ազգը կործանվում է, կամ ազգը կփրկվի միայն սրանով կամ նրանով: Հանգիստ թողեք ազգը, կոնկրետ գործից խոսեք»: