ԱՄՆ-ում Էլիզաբեթ Թեյլորի Rolls-Royce-ն աճուրդի է հանվել 2 մլն դոլարով
Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին (1932-2011 թթ.) պատկանող Rolls-Royce ավտոմեքենան Նյու Յորքում աճուրդի կդրվի օգոստոսի 6-ին: Այդ մասին օգոստոսի 1-ին իր Twitter-ում հայտնել է Guernsey՚s աճուրդների տունը։
«Guernsey՚s-ն այս լեգենդար ավտոմեքենան աճուրդում վաճառելու է օգոստոսի 6-ին ժամը 18:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 7-ին ժամը 02:30-ին): Աճուրդները կանցկացվեն «Պիեռ» հյուրանոցում»,-տեղեկացրել է աճուրդների տունը: Այն լոտը գնահատում է 1-2 մլն դոլար:
Խոսքը վերաբերում է պատվերով պատրաստված Rolls-Royce Silver Cloud II Drophead Coupe-ին՝ ետ ծալովի թափքածածկով, որը դերասանուհու եւ նրա ամուսնու՝ փոփ-երգիչ Էդի Ֆիշերի կողմից ձեռք է բերվել 1960 թվականին: Guernsey՚s-ի նկարագրության համաձայն, Թեյլորն այս Rolls-Royce-ից օգտվել է Հռոմում «Կլեոպարտա» (1963 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Այնտեղ սիրավեպ է սկսվել Թեյլորի եւ դերասան Ռիչարդ Բերթոնի միջեւ: Ինչպես հայտնի է, Ֆիշերը Թեյլորի՝ թվով չորրորդ ամուսինն էր: Բերթոնը 1964 թվականին դարձավ նրա հինգերորդ ամուսինը. դերասանուհուց բաժանվեց 1974 թվականին եւ նրա հետ կրկին ամուսնացավ 1975 թվականին: Հոլիվուդի աստղերի երկրորդ ամուսնությունը երկարատեւ չեղավ եւ տեւեց ընդամենն ինը ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: