«Փաշինյանի այդ հայտարարությունը մի քիչ անպարկեշտ ու անպատասխանատու որակում էր». Աղասի Ենոքյան

Օրերս «Իրատես» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևան ընկերոջ ծննդյան տոնին Երևանից մեկնել է ուղղաթիռով։ Հրապարակումից օրեր անց արձակուրդում գտնվող վարչապետն արձագանքեց հրապարակմանը, մասնավորապես, նշելով. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:

Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում:

Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:

Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:

Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք….

Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:

Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից՝ ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում՝ լրագրող ու ցուցարար:

Բայց դե մենք սահմանափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա։

Ասեմ նաև, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հոդվածի հրապարակման վերաբերյալ վարչապետի արձագանքին՝ նշեց, որ նրա տված որակումը բավականին կոպիտ էր։

«Փաստորեն վարչապետը լրատվամիջոցներին կոչել էր, թե նրանք ինչ-որ «ռոբասերժական» աղբյուրներից են սնվում, նրանց մոտ ոչինչ չի փոխվել։ Սա առաջին անգամը չէ, որ վարչապետը և նրա ընտանիքն անդրադառնում են մամուլի ֆինանսավորման խնդիրներին։ Սա շատ զարմանալի է, քանի որ նրանք լինելով մամուլի աշխարհի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ինչպես է այս ինդուստրիան զարգանում»,- ասաց Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում Հայաստանում լրատվամիջոցները կարիք ունեն բիզնես կամ քաղաքական հովանավորության։

Նա նաև նկատեց, որ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասում՝ թղթերով բոլորի մոտ ամեն ինչ կարգին է, այսինքն՝ թղթերով լրատվամիջոցներին ճնշելու տարբերակներ չկան, մնում է նման հայտարարություններ անել։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը մի քիչ անպարկեշտ ու անպատասխանատու որակում էր»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ ամեն ինչ պետք է լուծվի օրենքի սահմաններում, Աղասի Ենոքյանը նկատեց, որ այստեղ խոսքը ոչ այնքան օրենսդրական կարգավորման, որքան պատժամիջոցների մասին է։

168.am-ի հարցին՝ հոդվածը հերքելու համար արդյո՞ք ճիշտ էր, որ վարչապետն արձագանքեց, այն դեպքում, երբ կա մամուլի խոսնակ, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ վարչապետն իր հայտարարությունում որևէ կոնկրետ բան չի նշում, թե որ լրագրողին ու հոդվածին է ուղղված խոսքը։

«Սա մի փոքր եթերային, հրապարակախոսական արձագանք էր, եթե կոնկրետ հերքում էր, ապա դրա համար կան համապատասխան անձինք ու բաժիններ»,- եզրափակեց Աղասի Ենոքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս