Բաժիններ՝

«Կարող է հանձնաժողովի հետ կոնտակտ ստեղծել, հարցը հանձնաժողովում քննարկել». Արման Բոշյանի առաջարկը՝ Վահե Վարսանյանին

«Կարող է հանձնաժողովի հետ կոնտակտ ստեղծել, հարցը հանձնաժողովում քննարկել: Եթե ոլորտի մասնագետները տեսնում են, որ օրենքում խնդիր կա, հանձնաժողովը միանշանակ պատրաստ է հարցը քննարկելու, փորձելու հասկանալ՝ ինչ նոր մեխանիզմներ են պետք, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանի՝ երեկ «Հետքում» դեղերի շուկայում առկա մի շարք խնդիրների մասին հրապարակմանը և մեղադրանքին, որ կառավարության ներկայացուցիչներն անհաղորդ են մնացել խնդրին:

Վ.Վարսանյանը, հիշեցնենք, դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը բնորոշել է «ավելի վատ, քան երբևէ»:

Ըստ նրա՝ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառքով, ընդ որում՝ օրենքի այս դրույթն ընդունվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անձնական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով, քանզի Բաղդասարյանը Վանաձորում մանրածախ դեղատան սեփականատեր է:

Նշելով, որ ինքը սեպտեմբերից դուրս է գալու առողջապահության հանձնաժողովից, Ա.Բոշյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում նմանատիպ հարց չի քննարկվել:

«Միաժամանակ ներկրում իրականացնելու և մանրածախ վաճառքով զբաղվելու հարցը նեղ մասնագիտացված խնդիր է, որին մանրամասն ծանոթ չեմ: Բայց ես կողմ եմ ազատական շուկային և դեմ եմ սահմանափակումներին: Եթե նման խնդիր կա, համոզված եմ, որ հանձնաժողովում պատրաստ կլինեն այդ հարցը քննարկելու»,- ասաց նա:

Անդրադառնալով օրենքը Վ.Բաղդասարյանին հարմարեցնելու մասին Վարսանյանի պնդումներին՝ Ա.Բոշյանը նշեց.

«Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում որոշ կարգավորումներ ստեղծվել են որոշ տնտեսվարողների բիզնես շահերը սպասարկելու համար: Եվ եթե նմանատիպ կարծրացած փաթեթներ կան, որոնք մինչև հիմա գործում են՝ որոշակի շահեր սպասարկելով, այդ փաթեթները, օրենսդրական կարգավորումները պետք է վերանայվեն: Եթե կան օրենքներ, որոնք արհեստական մոնոպոլիաներ են ստեղծում և առավելություն են տալիս որոշ տնտեսվարողների, դրանք, իհարկե, պետք է վերանայվեն: Բարձրացված հարցը պետք է քննարկել, տեսնել՝ ինչ խնդիր կա, և լուծում տալ»:

Վ.Վարսանյանի բարձրացրած ևս մի կարևոր խնդրի՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» աշխատանքի օրինականության վերաբերյալ Ա.Բոշյանը նշեց, որ այդ խնդիրը ՊԵԿ-ի իրավասության ներքո է. «Նախ և առաջ ՊԵԿ-ը պետք է հետամուտ լինի դրան, եթե՝ ոչ, մենք՝ որպես պատգամավոր, պատրաստ ենք ուսումնասիրել հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս