«Փոխարենն ասեն՝ 1.5 միլիոն տոննա մսամթերթի ստուգումներից ինչ վտանգավոր հիվանդություններ են հայտնաբերվել, գրում են՝ մեր կայքը հավաքել է ֆեյսբուքյան 4500 լայք»
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է, որ ոլորտում բոլոր դեպքերի կոծկումը հանգեցնում է հիվանդությունների էլ ավելի տարածման, իրավիճակի ոչ պատասխանատու կառավարման:
«Այսօրվա ղեկավարներն ասում են՝ մենք մեղավոր չենք, մեղավոր է ժողովուրդը, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ասում է՝ մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը, որ գնում է վատ միս, ժողովուրդն ուզում է առնել դա… Նման մոտեցումն ընդունելի չէ: Ինձ համար ցավալի է, որ ունենալով կենդանաբույժի դիպլոմ՝ ՍԱՏՄ ղեկավարը կարող է արտահայտություն անել՝ ասելով, որ բրուցելյոզն այն հիվանդությունը չէ, որ համաճարակներ հարուցի: Ես չեմ կարող մեկնաբանել նման անհեթեթությունը, որովհետև մարդկանց շրջանում բրուցելյոզի համաճարակին նախորդում է բրուցելյոզի անասնաճարակը կենդանիների շրջանում: Դրանք փոխկապակցված են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԱՊԾ նախկին պետը՝ հավելելով, որ սա քաղաքական ատեսանկյունից փորձ է՝ թուլացնելու հանրության զգոնությունը, որ աղմուկ չբարձրանա:
«Բոլոր մարզերում հիվանդության բռնկումներ կան սպորատիկ ձևով, բայց դրանք կոծկվում են: Մենք ահազանգում ենք, որ Նյուքասլյան հիվանդություն կա, գյուղերում հավերի ու հնդկահավերի անկում է, միանգամից պատասխանում են՝ այդ «փորձագետներն» ապատեղեկատվություն են տարածում, ոչ մի հիվանդություն չկա: Երեք օր հետո գրում են, թե մեկ դեպք է հայտնաբերվել: Տեղեկացնեմ, որ Նյուքասլյան հիվանդությունը համարվում է հատուկ վտանգավոր հիվանդություն, ու երբեք մի դեպք չի լինում ու հենց դրա համար էլ կոչվում է հատուկ վտանգավոր: Մենք ունենք աֆրիկյան ժանտախտի դեպքեր. Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում կան օջախներ»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:
Բանախոսը նկատեց՝ ծառայությունը չի հրապարակում հավաքագրված տվյալները:
«2018թ. հանրապետությունում եղել է 7224 աղիքային ինֆեկցիա, իսկ այս տարի այդ տվյալները չեն հրապարակվել: 2019թ. առաջին կիսամյակը վերջացել է, սակայն ոչ մի հաշվետվություն չկա: 2018թ. մայիսից մինչև 2019թ. մայիս հանրապետություն է մտել կես միլիոն տոննայից ավելի միս-մսամթերք, մեկ միլիոն տոննայից ավելի թռչնամթերք: Հաշվետվության մեջ ասվում է, որ իրականացվել է 5000-ից ավելի փորձաքննություն. ի՞նչ են գտել: 1.5 միլիոն տոննա ստուգվել է ու բան չի գտնվե՞լ: Սրա փոխարեն գրում են՝ մեր կայքը հավաքել է ֆեյսբուքյան 4500 լայք: Դրա փոխարեն գրեիք, թե ի՞նչ հիվանդություններ եք գտել: Կամ, ո՞վ է պարզաբանել 7224 աղիքային ինֆեկցիայի դեպքերը. ո՞րն է ջրից, ո՞րն է սննդից»,- հարց բարձրացրեց ՍԱՊԾ նախկին պետը:
Անի Կարապետյան