Բաժիններ՝

Լցնովի պաղպաղակ, ֆրեշ և քաղցր բամբակ. պահպանվում են արդյոք վաճառքի նորմերը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում նորմերին չհամապատասխանող, դրսում արևի տակ տեղադրված սարքերով լցնովի պաղպաղակների վաճառք չի իրականացվում: Այնուամենայնիվ, մասնագետը խորհուրդ է տալիս բարձր ջերմաստիճանի պայմաններում արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ պաղպաղակ չուտել, խստորեն հետևել սանիտարական պայմաններին:«Արմենպրես»-ի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական տեսչության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն անդրադարձավ լցնովի պաղպաղակի, ֆրեշի և քաղցր բամբակի վաճառքի խնդիրներին:

«Լցնովի պաղպաղակների և ֆրեշների վաճառքի համար կան համապատասխան նորմեր, դրանք պետք է լինեն առանձնացված տարածքներում, որտեղ պետք է լինի մշտական հոսող ջուր: Համապատասխան սանիտարական հսկողություն պետք է իրականացվի նաև տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից։ Մեր վերջին դիտարկումները ցույց են տվել, որ նորմերին չհամապատասխանող պաղպաղակների իրացման կետեր Երևանում չկան: Դրանք բոլորն առանձնացված տարածքներում են իրականացվում: Ամեն դեպքում, եթե տնտեսավարողները չհետևեն սանիտարահիգիենիկ նորմերին, սարքավորումների ախտահանման, մաքրման աշխատանքներին, մենք կարող ենք ունենալ խնդիրներ»,-ասաց Դանիելյանը:

Լցնովի պաղպաղակի հետ կապված վերջին ուսումնասիրություններն իրականացրել են երկու շաբաթ առաջ Երևանի մի շարք վարչական շրջաններում: Ուսումնասիրություններն իրականացրել են ընտրողական, սակայն ընդգրկված են եղել բոլոր վարչական շրջանները: Արդյունքում պարզ է դարձել, որ լցնովի պաղպաղակների սարքերը խանութների ներսում, կրպակների ներսում են: «Փողոցում դրված առանձին սառնարաններով իրացման դեպքեր մենք չենք արձանագրել»,-ասաց Դանիելյանն ու հորդորեց քաղաքացիներին նման դեպքեր նկատելու պարագայում տեղեկություն հաղորդել իրենց։

Ծառայությունը նման վերլուծություն դեռ չի կատարել մարզերում: Սակայն Դանիելյանը վստահեցնում է, որ մարզային կենտրոնները ևս ստացել են անհրաժեշտ ցուցումներ՝ լցնովի պաղպաղակների իրացման նկատմամբ հսկողություն իրականացնելու:

Հարցին, թե արդյոք հետևում են, որ լցնովի պաղպաղակ վաճառողները գիշերները չանջատեն սառնարանները, Դանիելյանը նշեց՝ նման դեպքում կաթնային հումքը մինչև առավոտ կփչանա, պիտանի չի լինի, վաճառելու համար նույնիսկ ապրանքային տեսք չի ունենա, համահոտային հատկանիշները կփոփոխվեն: Եվ սառնարան չանջատելու պահանջ միանշանակ դնում են: Եթե սառնարանը պատշաճ ջերմաստիճան չի ապահովում, ապա տալիս են համապատասխան ցուցումներ: «Մենք չենք կարող անտարբեր լինել հատկապես, երբ խոսում ենք պաղպաղակի սառնարանի չաշխատելու մասին՝ հասկանալով, որ դա ջերմային հստակ ռեժիմ պահանջող սննդամթերք է»,-նշեց նա։

Տնտեսավարող սուբյեկտները շատ են, և ծառայությունը չի կարող բոլորի շրջանում ստուգումներ անցկացնել, իրականացնում են մարդաշատ վայրերում, նաև հաշվի առնելով քաղաքացիների բողոքները: Սակայն Դանիելյանը նշեց՝ եթե կան համապատասխան փաստաթղթերը, պահպանված են սանիտարական պայմանները, ապա լցնովի պաղպաղակ ուտելիս մտահոգություն ունենալ պետք չէ:

Անդրադառնալով դրսում քաղցր բամբակներ պատրաստելուն և վաճառքին՝ Դանիելյանը նշեց՝ իրենք վերահսկողություն իրականացնում են գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց շրջանում: «Դրանք հիմնականում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթներ են, որոնք կարող են դիտարկվել որպես փողոցային առևտուր: Դրանք մեր վերահսկողությունից դուրս են։ Ֆիզիկական, չգրանցված անձանց նկատմամբ մենք ոչ պատասխանատվության միջոցներ, ոչ էլ վերահսկողություն չենք կարող իրականացնել»,-ասաց նա ու հավելեց՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վերահսկեն նրանց գործունեությունը:

Անդրադառնալով դրսում վաճառվող ֆրեշներին՝ Դանիելյանը նշեց, որ կրկին մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն պատրաստման սանիտարական պայմաններին: Պետք է լինի մշտական հոսող ջուր, սանիտարական անհրաժեշտ պայմաններ, հիմնական վտանգն այդտեղից է գալիս: «Հիմնականում խախտումներ եղել են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հետ կապված, աշխատակիցների սանիտարական գրքույկների բացակայության հետ: Մեր վերահսկողական գործառույթների ընթացքում այդ խնդրին պարբերաբար բախվում ենք: Դրանք հայտնաբերվել են տարվա ընթացքում իրականացված գործառույթների շրջանակում»,-ասաց նա:

Դանիելյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց փողոցային իրացման կետերից ընդհանրապես չօգտվել։ Նա նկատեց՝ պետք է ուշադրություն դարձնել ինչպես իրացման կետերի մաքրությանը, կանոնների պահպանմանը, այնպես էլ սեփական մաքրությանը: «Ես ինքս եմ տեսել, որ վաճառողը պաղպաղակը տալիս է թղթից անձեռոցիկով, մարդը դա նետում է աղբամանի մեջ և պաղպաղակը ձեռքը շրջում քաղաքում: Դա արդեն իսկ երկրորդային աղտոտվածության արդյունք կարող է դառնալ»,-նշեց նա:

Մասնագետը նաև շեշտեց՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ պաղպաղակ ուտելը շատ ռիսկային է: «Մի կողմից կա 40 աստիճանի հասնող բարձր ջերմաստիճան, մյուս կողմից օգտագործում ենք պաղպաղակ, օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, չի բացառվում, որ լինեն անցանկալի հետևանքներ»,-նկատեց Դանիելյանը:

Աննա Գրիգորյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս