Բաժիններ՝

Հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը

Երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանը, Աստղիկ Զորյանը և Հրայր Ազիզբեկյանն ահազանգում են՝ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:

«Այս տարի ես հնարավորություն ստացա արտերկրում դասընթացի մասնակցել: Մասնակի ֆինանսավորում էի ստացել, հետևաբար՝ մյուս մասի տրամադրման համար կարող էի դիմել ԵԳԱԾ-ին, որպեսզի ստանայի, բայց, քանի որ ծրագիրը չէր գործում՝  հնարավորություն չունեի: Որոշեցի խնդիրը բարձրաձայնել, որպեսզի հարցը լուծում ստանար, ու ինձ նման այլ գիտնականները, ովքեր հրավերներ էին ստացել, կարողանային մասնակցել գործուղումներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուսաննա Գևորգյանը:

Նա հայտնեց, որ գիտնականները ստորագրահավաք են կազմակերպել ու նամակով ներկայացրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Պատասխանել են, որ բարձրաձայնված հարցը գտնվում է քննարկման փուլում:

Աստղիկ Զորյանն էլ հայտնեց, որ մեկ տարի է՝ երիտասարդ գիտնականները զրկված են կոնֆերանսների մասնակցելու հնարավորությունից:

Կարդացեք նաև

««Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը հանդիսանում է պետության կողմից գիտությանը ֆինանսներ տրամադրող այլընտրանքային միջոց: Մենք հնարավորություն էինք ստանում նաև մասնակցել մրցույթների, ձեռք բերել սարքավորումներ: Տարվա սկզբին դիմել ենք սարքեր ձեռք բերելու համար, չգիտենք, դրանք կստանա՞նք, թե՞ ոչ: Հիմա մնացել ենք միայն Գիտության պետական կոմիտեի գրանտների հույսին, ինչը լավ չէ»,- հավելեց Աստղիկ Զորյանը:

Հրայր Ազիզբեկյանն էլ նշեց, որ հնարավոր էր դարձել ստեղծել այնպիսի հարթակ, որը անաչառ բաժանումով ֆինանսական խողովակ էր՝ բաց, թափանցիկ և արդյունավետ գումարները ծախսելու համար:

«Այս մեկ տարվա ընթացքում այլ ֆոնդ, հիմնադրամ չի ձևավորվել: Մեկ տարվա ընթացքում ուժեղ հարված է  հասցվել գիտությանը: Դա շատ մտահոգիչ է: Սա հակահեղափոխական հարված է գիտությանը»,- ընդգծեց Հրայր Ազիզբեկյանը:

«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանն էլ, ով ներկա էր ասուլիսին, ասաց, որ ինֆորմացիայի պակաստը կարող է բերել սխալ եզրահանգումների, ու փորձեց մանրամասն ներկայացնել ստեղծված իրավիճակը:

«ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին: Ֆինանսավորումը կա, պետբյուջեից ստանում են, այն չի դադարեցվել: Խնդիրը տեխնիկական է ու կապված է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Հիմադրամի գործունեության դադարեցումից հետո չկար այն մարմինը, որը կստորագրեր, որպեսզի գումարը փոխանցեին: Երբեք այս մեկ տարվա մեջ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի» գործունեության կասեցման ակնարկ չի արվել: Խնդիրը հիմնադրամն առողջացնելու մեջ էր: Մենք պարզապես կորցրեցինք մեկ տարի: Երիտասարդ գիտնականների մոտ ինչ-որ սպասումներ չարդարացան, ինչը ցավալի է»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է բաշխվել ամեն տարի «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրին հատկացվող 100 միլիոն դրամը, և պատրաստվո՞ւմ են դիմել, որպեսզի ֆինանսավորումն ավելացվի, Արթուր Մովսիսյանը պատասխանեց.

«100 միլիոն դրամը երբեք չի բավարարել: Գիտության հարցերն այնքան բազմազան են, որ դա իրոք մեկ կաթիլ է: Տարբեր տարներին ծրագրեր են եղել, բայց առյուծի բաժինը տանում են մի քանի հիմնական ծրագրեր. արտերկրում գիտաժողովների մասնակցություն, ՀՀ-ում միջազգային գիտական միջոցառումների կազմակերպում, ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար գումարի  տրամադրում, հոդվածների խրախուսման ծրագիր, գրքերի տպագրություն, դրամաշնորհային համագործակցություն, սարքավորումների ձեռքբերում: Ընթացքում հայազգի գիտնականների ենք հրավիրել Հայաստան, ովքեր դասախոսություններ են կարդացել: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այն, իհարկե քիչ է, տարբեր ժամանակներ այն ավելացնելու խոստումներ ենք լսել: Մենք ամեն տարի ներկայացրել ենք գալիք ծրագրերը, ու համաձայն դրանց՝ մոտ 250 միիոն դրամ է անհրաժեշտ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս