
Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ: Առաջին անգամ Գերագույն ռադայում մեծամասնությունը միանձնյա վերահսկելու է մեկ կուսակցություն, որը կարող է ձևավորել միակուսակցական կառավարություն: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ էության, առաջիկա հինգ տարվա ընթացքում Ուկրաինայում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է լինելու մեկ մարդու՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքում:
Քվեաթերթիկների 76.34 տոկոսի հաշվարկների համաձայն՝ «Ժողովրդի ծառա»-ն կուսակցական ցուցակներով ստացել է ձայների 42.85 տոկոսը կամ պատգամավորական 116 մանդատ: Կուսակցությունը հաջողություններ է գրանցել նաև միամանդատ ընտրատարածքների դեպքում. արդյունքում՝ ևս 127 պատգամավորական տեղ է ավելանում: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Զելենսկու կուսակցությունը խորհրդարանում ստանում է 243 պատգամավորական տեղ, և դա այն դեպքում, երբ սովորական մեծամասնությունը կազմում է 226 տեղ:
Բավական մեծ տարբերությամբ երկրորդ տեղում «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցությունն է: Այն հավաքել է ձայների 12.97 տոկոսը կամ 35 պատգամավորական տեղ խորհրդարանում: Դրան կգումարվի նաև կուսակցության անհատ քաղաքական գործիչների հաջողությունները՝ ևս 6 տեղ: Ընդհանուր առմամբ, այս կուսակցությունը կունենա 41 պատգամավոր:
Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով 8.33 տոկոս կամ խորհրդարանի 22 մանդատ:
Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին: