Բաժիններ՝

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված բախման հետևանքով կան վիրավորներ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հուլիսի 22-ին տեղի է ունեցել բախում՝ զենքի օգտագործմամբ: Դրա հետևանքով տուժել է 5 մարդ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության՝ բախման պատճառ է դարձել այն, որ տաջիկական Վորուխ գյուղի բնակիչներից մեկը ցանկացել է դրոշ տեղադրել այդ բնակավայրի մուտքի մոտ: Ղրղզստանի Ակսայ գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել, ինչի հետևանքով բնակիչների միջև բախում է եղել, որի ընթացքում կողմերից մեկը զենք է կիրառել:

Նախնական տվյալներով՝ հինգ մարդ տուժել է: Հաղորդվում է, որ նշված գյուղերի ավտոմայրուղին փակ է: Դեպքի վայր են ժամանել երկու երկրների սահմանապահ մարմինների ներկայացուցիչները:

Տաջիկստանի Իսֆարա քաղաքի վարչակազմի տվյալներով՝ բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի մեկ քաղաքացի, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։

Տաջիկստանի և Ղրղզստանի միջև 970 կմ ձգվող սահմանի երկայնքով կան մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դառնում են երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների միջև բախումների պատճառ։ Երեք տարի առաջ Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են սամանազատման և սահմանանշման աշխատանքների ակտիվացման մասին։ Ներկա պահի դրությամբ՝ հաջողվել է պայմանավորվել 600 կմ սահմանի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս