Գյումրիում շենքի պատշգամբ է փլուզվել. զոհեր ու վիրավորներ չկան

Գյումրու Տիգրան Մեծի թիվ 5 շենքի երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակը հուլիսի 22-ին փլուզվել է: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են: Շենքը վտանգավոր է ոչ միայն բնակիչների, այլ նաև անցորդների համար:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Ասատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ գումար լինելու դեպքում, առաջնային կհիմնանորոգվի այս շենքը, սակայն այս պահին գումար չկա: «Գումար լինելու դեպքում առաջնահերթ այս շենքն է հիմնանորոգվելու: Շենքում նախկինում էլ եղել են փլուզումներ: Փլուզվել էին 3-րդ հարկի փայտյա կոնստրուկցիաները: Մենք երկու առանձին ծրագրերով ներկայացրել ենք շենքի վերականգնման ծրագիրը: Այս պահին սպասում ենք կառավարության պատասխանին: Պատշգամբները 4-րդ աստիճանի վթարային են, արդեն ենթակա են քանդման»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության եզրակացության՝ շենքը մասնակի 4-րդ և 3-րդ աստիճանի վթարային է՝ պատշգամբները 4-րդ աստիճանի վթարայնության են, այսինքն՝ ենթակա են քանդման, մյուս հատվածները՝ 3-րդ աստիճանի վթարային են: Շենքն ունի 24 բնակարան, բայց ոչ բոլոր բնակարաններում են բնակվում: Շենքի նորոգման համար մոտավորապես անհրաժեշտ է 200 մլն դրամ: «Բայց ավելի հստակ գումարը հնարավոր կլինի ասել հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմելիս»,- նշեց Մկրտիչ Ասատրյանը։

Տիգրան Մեծի 5 շենքը երկու մասից է բաղկացած. մյուս հատվածը, տարիներ առաջ, ամրացվել է «Լինսի» հիմնադրամի բնակարանաշինական ծրագրով:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս