Կան մի շարք զուգադիպություններ, ինչը տարօրինակ է. Սահմանադրագետը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին
Սահմանադրագետ Արամ Վարդևանյան խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով հետաքրքիր ու աննախադեպ իրավիճակ է ձևավորվել, քանի որ հաճախ չի լինում, երբ դատարանում գործը մեղադրող կողմից ներկայացնի գլխավոր դատախազը։
«Երբ Առաջին ատյանում տեղի էր ունենում նիստը, գլխավոր դատախազն էր ներկայացնում եզրափակիչ մասը՝ Դատախազության դիրքորոշումը, որը փաստացի ոչ ամբողջությամբ էր բավարարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից։
Ի դեպ, այնպես չէր, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ, ամբողջական բավարարել էր պաշտպանական կողմի դիրքորոշումներին։ Եթե հիշում եք, վերջին հատվածում դատավորը ռեպլիկի հնարավորություն թույլ չտվեց պաշտպանական կողմին»,- նշեց սահմանադրագետը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացրած խուզարկությունն ընթացի՞կ գործողություն էր, թե՞ հստակ մեսիջ էր պարունակում։
Ըստ Արամ Վարդևանյանի, երբ գլխավոր դատախազը վերացրեց քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը և հանձնարարեց որոշակի քննչական գործողություններ կատարել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ի հայտ եկան մի շարք զուգադիպություններ, ինչը սահմանադրագետի համար տարօրինակ է։
Հաջորդ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, թե՞ ոչ, Արամ Վարդևանյանը պատասխանեց.
«Իմ գործընկերներն այդ հարցին բազմիցս անդրադարձել են։ Ի վերջո, երբ իրավակիրառական պրակտիկայում լինում են որոշակի անհասկանալի գործողություններ, այն առաջացնում է մեծ հարցեր։ Երբ տվյալ հարցերի պատասխանները սպառիչ չեն տրվում, այլ հակառակը՝ առաջացնում են նոր հարցեր, առաջանում են խնդիրներ։ Երբ ակնհայտ հիմնավոր կասկածի խնդիրը բարձրաձայնվում է , այսինքն՝ 300.1 հոդվածը չի կարող բավարարել հիմնավոր կասկածի շեմը, սրա վերաբերյալ Գլխավոր դատախազությունը որևէ հաղորդագրություն չի տարածում»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։
Զվարթ Խաչատրյան