Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 22-ին հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մայր Աթոռը տեղեկացնում է, որ Հայոց Հայրապետը վերստին շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով նրա գործունեությունն ի նպաստ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի և կարևոր դերակատարությունը հայ համայնքի կյանքում: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձել է 2019թ. փետրվարին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում Գլեդիս Բերեջիկլյանի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելությանը, ուրախությամբ փաստել է հայ համայնքի կյանքում տեղ գտած դրական փոփոխություններն ու առաջընթացը:

Գլեդիս Բերեջիկլյանն իր հերթին ուրախություն է հայտնել մասնավոր այցով Հայաստանում գտնվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ` մասնավորապես, Նորին Սրբությանը ներկայացնելով այցից ստացած իր տպավորությունները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գլեդիս Բերեջիկլյանը խոսել են Ավստրալիայի հայ համայնքի, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը ծանոթացել է Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս