Բաժիններ՝

«Եթե դա լիներ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու…». Տիգրան Քոչարյանը՝ իջևանյան իրադարձությունների շուրջ

Իջևանյան վերջին իրադարձությունների շուրջ հնչող գնահատականներն իրարամերժ են: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, սակայն, որ բոլորը կողմ են, որ անտառահատումների հարցը լուծվի:

Ըստ նրա՝ նաև ընդդիմադիր, արտախորհրդարանական դաշտը վատ արձագանքեց, երբ ոստիկանությանը փորձեցին հերթական անգամ ստորացնել.

«Փաշինյանը ժամանակին բացեց «պանդորայի արկղը»՝ ասելով, որ երեխան կարող է ծնողին չլսել, ուսանողը՝ դասախոսին, բոլոր հարցերը կարելի է փողոց փակելով լուծել:

Մարդկանց ասվել է՝ ինչ ուզում եք՝ արեք, իջևանցիներն էլ արել են: Բողոքողները մի քիչ զարմացան նույնիսկ, որ, փաստորեն, ոչ բոլորին է կարելի ոստիկանի վրա հարձակվել, ոստիկանին վիրավորել»:

Տ. Քոչարյանի խոսքով՝ քանի որ մարդու իրավունքների պաշտպանները իշխանության շահերն են սպասարկում հիմնականում, հետևաբար՝ այդ դեպքերի ժամանակ հնարավոր չեղավ տեսնել՝ իրավաբանորեն ինչքանով էր անհամաչափ  ուժի կիրառումը եղել. «Եթե դա լիներ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու, իսկ այստեղ ինչ-որ ձևով կոծկվեց:

Սիմվոլիզմի պահ կա նաև. այս ամեն ինչը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդավայրում: Փաստորեն, դժգհության ալիք, որը տարավ բախումների, այնտեղ էր, որտեղ Փաշինյանը կարծես թե խնդիր պետք է չունենար, և վատ էր, որ պետական ուժը՝ դուբինկան, կիրառվեց հենց  իր հայրենակիցների հանդեպ»:

Ըստ բանախոսի՝ այսպիսի բողոքներ անընդհատ լինելու են, որովհետև շատերը մտածում են՝ այն, ինչ թույլատրելի էր Փաշինյանին՝ գրավել Ռադիոյի շենքը, փակել փողոցները…., իրենց նույնպես կարելի է:

168.amի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Իջևանի ցուցարարների՝ ուղղորդված լինելու մասին իշխանությունների հայտարարությունները, Տ. Քոչարյանը պատասխանեց.

«Օրինակ` Ֆեյբուքում կարելի է հանդիպել նաև կարծիքների, թե Ռոբերտ Քոչարյանն անտառներ է վառում Երևանում, կամ հանրապետականներն աղբ են թափում…

Կազմակերպված էր ում կողմից՝ ասում են, որ հիմնականում փայտի մաֆիան է, որի ձեռքից բիզնեսը վերցնում են… Ինչքան ես գիտեմ՝ հիմա Իջևանի անտառտնտեսության ղեկավարությունը փոխվել է՝ ոչ յուրայինները բերել են յուրայիններին:

Շատ հավանական է, որ դա ավելի շատ բիզնես պայքար է, քան քաղաքական: Չեմ կարծում՝ որևէ ուժ ներկա պահին, մանավանդ՝ արտախորհրդարանական, կուղղորդեր այդ փայտ կտրողներին ինչ-որ բան ստեղծելու համար, սա հետևանք է նրան, որ մարդիկ ինչ տեսել են, փորձում են նույն մեթոդներով կրկնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս