«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի. «Փաստինֆո»
«2018թ. հունիս-հուլիս ամիսները «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համար բարդ ամիսներ էին՝ հարուցված քրեական գործ, ստուգումներ, խուզարկություններ, ֆինանսական բարդություններ։ Առանց որևէ պայմանների համաձայնեցի ստանձնել տնօրենի պարտականությունները։ Այդ ընթացքում աշխատանքային պայմանագիր չեմ ունեցել և 8 ամիս կատարածս աշխատանքի համար չեմ վճարվել», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էին դատական նիստերը՝ ընկերության աշխատակիցներ Հայկ Հակոբյանի, Արթուր Գալստյանի և տնօրեն Արամ Ղլեչյանի ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացրած հայցադիմումների գործերով։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց ազատելու մասին հրամանները, վերականգնել նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձ։
Հայցվոր կողմի փաստաբան Արամ Ղլեչյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես վկաներ հրավիրելու «Սպեցնազ Ռ» ՍՊԸ-ի աշխատակիցներին. ««Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը 2018թ.-ի դեկտեմբերից պայմանագրով պահնորդական ծառայություններ էր ստանում «Սպեցնազ Ռ» ՍՊԸ-ից։ Բնականաբար նրանց պահնորդները, իրականացնելով ծառայություն «Սեքյուրիթի դրիմ»-ի գրասենյակներում, շատ լավ տեղյակ էին ընկերությունում տեղի ունեցող գործողություններին։ Վեճն արդարացի լուծելու նպատակով այդ անձանց ցուցմունքները դատարանի համար էական կլինեն», – ասաց Արամ Ղլեչյանը։
Պատասխանող կողմը, սակայն, նկատեց, որ «Սպեցնազ Ռ» ընկերության աշխատակիցների վկայություններն արժանահավատ չեն կարող լինել, քանի որ այդ ընկերության հետ «Սեքյուրիթի դրիմ»-ը դատական վեճ ունի։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը, օգտվելով իր պայմանագրային և քաղաքացիաիրավական օրենսդրությունից բխող իրավունքից, «Սպեցնազ Ռ» ՍՊԸ-ի հետ լուծել է պայմանագիրը. «Ընկերությունը համապատասխան պահանջ ունի «Սեքյուրիթի դրիմ»-ի դեմ, որը գտնվում է դատարանում։ Չնայած իմ ունեցած վերջին տեղեկություններով, նրանց հայցադիմումը վերադարձված է», – ասաց Տիգրան Գրիգորյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: