Հայտնի է դարձել Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը:
Վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն:
«Միջադեպի հետևանքով ուղևորների առողջությանը սպառնացող վտանգներ չեն եղել»,- ասել է ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր՝ սրահում ծխի ազդանշանի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում՝ N4 477 չվերթի ժամանակ: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում:
Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին:
Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։