«Նիկոլ Փաշինյանը զրո մեկնարկից Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և տվեց քաղբանտարկյալի կարգավիճակ». Զարուհի Փոստանջյան
«Բամբասանքի տիրույթում հարցերին պատասխաններ էր տրվում, որից ակնհայտ էր մի բան, որ Սահմանադրության փոփոխության խնդիր Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։ Մինչև դատական կառուցվածքին հասնելը մենք պետք է փոխեինք մեր պետության քաղաքական կառուցվածքը։ Նիկոլ Փաշինյանն օգտվեց Սերժ Սարգսյանի կայուն մեծամասնություն ձևակերպումից և ձևավորեց իր ցանկությամբ խորհրդարան»,- այս մասին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Սահմանադրության և դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որը նա արտահայտեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է իրեն ոչ հնազանդ անձանց՝ ի դեմս դատավորների, փոխել։
Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչո՞ւ Սահմանադրական դատարանի դատավորներն անընդհատ չպետք է փոխվեն, Զարուհի Փոստանջյանը նկատեց՝ դա վարչապետի կողմից «գլուխգործոց» հայտարարություն էր։
«Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Սահմանադրական դատարանը։ Ամբողջ Եվրոպական դատարանը հիմնականում իր գործունեությունը ծավալում է գրավոր ընթացակարգով։ Մի դեպքում Փաշինյանն ասում է, որ Վճռաբեկ, Առաջին ատյանի դատարանների դատավորները պետք է պաշտոնավարեն մինչև թոշակի գնալը, իսկ ՍԴ-ի դեպքում ասում է՝ պետք է դատավորներին փոխեն։ Այստեղ իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և չիմանալով, թե այդ ինստիտուտն իրենից ինչ է ներկայացնում, նա այդպիսի պատասխաններ է տալիս»,- շեշտեց Զ. Փոստանջյանը։
Նա արձանագրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատաիրավական համակարգում որևէ բարեփոխում չի եղել և առաջիկայում չի էլ լինելու, քանի որ ներկայիս իշխանություննները նման ցանկություն չունեն, բացի այդ, չկան համապատասխան մասնագետներ։
Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանը 10 կետից բաղկացած մեղադրանք էր առաջադրել Սերժ Սարգսյանին՝ ընդհուպ մեղադրելով պետական դավաճանության մեջ։ Եվ այսօր, լինելով վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարող էր հաղորդում տալ և Սերժ Սարգսյանին կանչել պատասխանատվության։
«Մենք այսօր տեսնում ենք միայն հատվածական մոտեցումներ, որոնք կապված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագրերի ու ցանկությունների հետ։ Ասում է, եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն էլ կարող է տանկեր հանել փողոց։ Եղբայր, առաջին անգամ տանկեր փողոց հանել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ասում էր, թե կրակել են միայն օդ, իսկ երկրորդ անգամ այդ կրակողները կրակեցին մարդկանց վրա, թող բոլորին կանչի պատասխանատվության։ Կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը զրո մեկնարկից Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և տվեց քաղբանտարկյալի կարգավիճակ»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործից՝ ասել էր.
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես իրավունք չունեմ այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»,- նշել էր վարչապետը։
Զվարթ Խաչատրյան