«Նիկոլ Փաշինյանի իշխանության գերեզմանափորը հենց այդ զանգվածային աջակցության տեսարանների վերարտադրությունն են լինելու». Արմեն Աշոտյան

«Կարելի էր հոգնել պարոն Փաշինյանից ու առհասարակ չանդրադառնալ նրան, եթե Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունենար դժբախտություն իրեն այս պահին վարչապետ ունենալ։ Ուզում եմ ասել, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները շատ բազմաշերտ էին։ Ինձ՝ որպես քաղաքացու, սարսափելի նեղել էր այն փաստը, որ ժողովուրդն ու ոստիկանությունը դուրս էին եկել դեմ առ դեմ։ Սա ողբերգություն է, որովհետև սա վկայում է այն մասին, որ արանքում եղած ինստիտուտները, որոնք պետք է ժողովրդի հարցերով զբաղվեին, տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային իշխանություններ, նախարարություններ, կառավարություն, այս փոքր խնդրով ապացուցեցին, որ ունակ չեն երկրում պրոբլեմ լուծել, և ամեն պատեհ-անպատեհ առիթի իրենք պլստում են արանքից, ու ոստիկանությունը, որը կոչված է օրենք պահպանել, ստիպված է լինում առերեսվել այս իշխանության գործադիր ճյուղերի անգործության հետ»,- «5-րդ ալիքի» եթերում երեկ հայտարարել է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս կարծում է, որ ժողովուրդն ունի խնդիրներ, որոնց մի մասը, իհարկե, նախկինից է կուտակված, և այդ խնդիրներով պետք է զավթել, և ժողովուրդը, ըստ Ա. Աշոտյանի, մասնակցել է նախորդ տարվա իշխանազավթմանը, աջակցել է Փաշինյանին, որովհետև կարծել է, որ նա իր խնդիրները պետք է լուծի, բայց «Պարզվել է, այդ մարդը դարձել է վարչապետ և լուծել է իր նեղ շրջապատի կենցաղի հարցերը»։

«Ծառահատումների խնդիրը և այդ մարդկանց զբաղվածության ու կյանքի ապահովմա խնդիրը պետք է լուծվի, բայց մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞ւ Նիկոլին 14 ամիս առաջ կարելի էր նույն ձևով, ավելի մեծ պրոբլեմների դեպքում, զոռբայությամբ հասնել իշխանության, իսկ իրենց՝ չի կարելի։ Էդ ո՞նց է, որ երբ Նիկոլն ուզում էր դառնալ վարչապետ, կարելի էր ճամփա փակել, իսկ որ էդ մարդիկ ունեն ընտանիք պահելու խնդիր և ծառ են ուզում հատեն (դնում ենք մի կողմ՝ ապօրինի է իրենց ուզածը, թե օրինական) չի կարելի։ Մարդիկ դա չեն հասկանում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա վստահ է, որ տեղի է ունենում այն, ինչ ինքը վաղուց էր կանխատեսել՝ քամի ցանողը փոթորիկ է հնձելու, և այն մեթոդները, որով ինքը եկել է իշխանության, և իր անսահման պոպուլիզմը հատկապես իշխանության առաջին ամիսներին, երբ ասում էր՝ յուրաքանչյուրդ վարչապետ եք, ժողովրդի կառավարության դուռն է, ինչ կուզեն՝ կանեն, հիմա հոգեբանական մտածելակերպը նստել է, ու ժողովուրդն իր դեմ է դնում իր իսկ արածները, ու միշտ այդպես է լինելու։

«Ինքը, թվում էր, թե ուժեղ է, որովհետև իշխանության է եկել զանգվածային աջակցության տեսարաններով, իրականում իր իշխանության գերեզմանափորը հենց էդ տեսարանների վերարտադրությունն են լինելու, և Իջևանը այս տեսակետից շատ լուրջ, շատ սկզբունքային դրվագ է»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ առողջություն մաղթելով այդ բախումների արդյունքում վնասվածք ստացած և ոստիկաններին, և քաղաքացիական անձանց։

Ըստ Ա. Աշոտյանի՝ այն ռեպրեսիաները, որ հիմա են կատարվում, երբ մարդկանց գիշերով վարտիքով հանում են տներից, հիստերիկ իշխանության նշան է։

«Ինքն իշխանության է եկել հակաօրինական ճանապարհով։ Եկել է՝ մարդկանց համոզելով, որ կարելի է փողոց փակել, կարելի է ոստիկանին հրմշտել, խնդիրը լուծելու համար օրենք խախտել։ Հիմա ինքը բարոյական իրավունք չունի այդ մարդկանց բացատրել, որ՝ դուք դա մի արեք։ Այս խնդիրը այս իշխանության գոյաբանական բումերանգն է»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ լսել է, որ երեկ մարդիկ վատ բառեր են ասել Փաշինյանի հասցեին, և դա էլ պատասխանն է նրա, որ մի տարի առաջ ինքն էր իրենց հասցեին նման բառեր ասում։

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, և այսօրվա վիճակում ժողովրդավարության մակարդակը նահանջ է ապրել 2017-2018թթ. համեմատ։

«Երբ որ Քոչարյանի գործով արդար, բայց աղմկահարույց որոշում կայացրած Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս տարի փետրվարին կարճած հիմար մի գործ վերաբացում են այդ որոշումը կայացնելուց հետո, խոսել ժողովրդավարության մասին՝ ծիծաղելի է։ Երբ որ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության բովանդակությունը թողած՝ իշխանական պատգամավորներն իրենց մանկամիտ կեցվածքով հաթաթաներ են տալիս եթերներում, թե պետք է գտնել՝ ո՞վ է այդ արտահոսքերը տվել, ի՞նչ ժողովրդավարություն, եթե դուք ուզում եք բռնել ու պատժել այն մարդկանց, ովքեր ճշմարտությունն են ասում, ու դա անում եք ձեր իսկ շուրթերով։ Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, այն դեպքում, երբ նախորդ ԱԺ-ի մասին խոսելիս, հենց այդ ԱԺ-ն ընտրում էր քեզ, Նիկոլ Փաշինյան, այդ ԱԺ-ն քեզ լեգիտիմացնում էր՝ որպես վարչապետ, հենց ընտրել էր քո կողմից այլևս սիրված, իսկ մեր կողմից խորը հիասթափության թիրախ դարձած Արմեն Սարգսյանին, ապա լեգիտիմ էր, բայց հենց ընտրեց Հրայր Թովմասյանին, լեգիտիմ չէր… Ծիծաղելի է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է «ընտրակաշառքներով ընտրված ԱԺ» հասկացությանը, նախկին պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այդ ԱԺ-ում սուսիկ-փուսիկ լավ էլ աշխատել է, այդ ԱԺ-ի լեգիտիմությունը ճանաչել է, այդ ԱԺ-ում ինքը ֆրակցիայի ղեկավար է եղել, բոլոր պատվիրակությունների կազմում արտասահման գնում էր, աշխատավարձը ստանում էր, չի վիճարկել ընտրության արդյունքները։

«Ես գիտեմ, որ ինքն ընդհանուր առմամբ մարդկային հարաբերություններում բավականին ապերախտ, անշնորհակալ անձնավորություն է, քաղաքական առումով՝ նույնպես, բայց ուզում եմ մի բան ասել նաև։ Ինչքան Նիկոլ Փաշինյանը կախվում է Հանրապետականի վարկանիշից ու Հանրապետականից, այդքան նրա վարկանիշն աճում է։ Պետք է ֆանտաստիկ ապաշնորհ լինել, որ 1.5 տարվա ընթացքում «մերժված» պիտակն ունեցող հանրապետականներին հասարակությունը սկսի ընկալել՝ որպես այս պահին արդեն 3-րդ ուժ, իսկ իրականում մեր վարկանիշն ավելի բարձր է»,- նշեց Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ նախկինում մերժված Հանրապետականն այսօր արդեն պահանջված է դառնում։

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ վարչապետն ունի բազում վախեր, և «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ նրա ծայրահեղ ոչ ստաբիլ պահվածքը, անգամ՝ այն բառամթերքը, որը նա օգտագործեց, վկայում են այն մասին, որ նա կայուն վիճակի մեջ չէ։

«Հիշո՞ւմ եք, երբ իշխանափոխություն եղավ, Նիկոլ Փաշինյանից սկսած՝ մինչև իրենց վերջին գործիչը, նշում էին, որ Հայաստանի մեջքն ուղղվեց, մեզ վրա ոչ ոք այլևս ճնշում չի կարող գործադրել, ու մեր ԱԺ նախագահը գնում է ԱՄՆ ու ինչ-որ մի հետազոտական կեննտրոնում քննարկման ժամանակ ասում՝ խնդրում եմ՝ մեզ վրա Իրանի հարցով ճնշում մի գործադրեք։ Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի մեջքն ուղղվել է, այլ Հայաստանի ողնաշարը սկոլիոզի մեջ է»,- նկատեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս