«Եկեք համեմատեք իմ և նորաթուխ պաշտոնյաների ունեցվածքը». Գնդապետը՝ Վարչապետի՝ սպաներին գող անվանելու հայտարարության մասին

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյան խոսքով՝ արդարության սկզբունքի վերհանման ոլորտում Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն ավելի խայտառակ կեցվածք ունեն, քան նախորդները։

«Նշանակում են արդարադատության նախարար, որը մի քանի տարի որևէ տեղ չի աշխատել, և այսօր մամուլում կարդում ենք, որ նա տեղափոխվել է իր հորական տուն, որովհետև չի ուզում, որպեսզի հանրությունը տեսնի իր շքեղ բնակարանը։ Այսինքն՝ նա դեռ չունի կենսագրություն, բայց ունի շքեղ բնակարան, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր սպաները գողեր են և թալանել են բանակը։ Բանակում զբաղեցրել եմ բարձր ստրատեգիական նշանակության պաշտոն, այսօր եկեք համեմատեք իմ կարողությունները և այդ նորաթուխ պաշտոնյաների ունեցվածքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վ. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երեկ մի քանի սպաներով հանդիպել են, որոնք խնդրել են տրամադրված հարթակից բարձրաձայնել, որ խորապես վիրավորված են Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու և ցինիկ հայտարարությունից, այն է, որ սպաները գողեր են և մկների նման թալանել են բանակը։

«Խոսքը բարձրաստիճան սպաների մասին է, որոնք գնդապետներ ու փոխգնադապետներ են և այսօր լուծում են հացի խնդիր։ Նրանք ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ստախոս է, նաև իմ անձնական կարծիքն եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է»,- շեշտեց գնդապետը։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթին՝ Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ միշտ էլ ասել է, որ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից դատարանների մուտքերն արգելափակելու քայլն անմիտ քայլ էր, քանի որ ՀՀ քաղաքացիներին դրանով զրկեցին արդարադատություն ստանալու իրավունքից։

«Այս հարցին Վենետիկի հանձնաժողովը շատ կոշտ է արձագանքել, այն նախազգուշացում էր իշխանություններին, որ իրենց մանկուրտային ցանկությունները մի կողմ դնեն և զբաղվեն լուրջ կառավարմամբ։ Հանձնաժողովը՝ զգալով, որ Հայաստանում ձևավորվում է մեկ անձի իշխանություն, նախազգուշացրեց, որ նման բան անթույլատրելի է։ Իսկ վեթինգ իրականացվել է միայն Ալբանիայում, որը Եվրոպայի կողմից խիստ քննադատության է արժանացել, և այն վայրենաբարո ընթացք է ունեցել։ Եվրոպան մերժել է վեթինգի քաղաքականությունը։ Անձամբ համամիտ եմ, որ գույքագրվի այդ մարդկանց ունեցվածքը, բայց չէ՞ որ ունենք օրենքներ ապօրինի հարստացման համար, թող դրանք օգտագործեն»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս