«Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր , որովհետև 1996 թվականից սկսած ՍԴ-ն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները և, ըստ էության, կար վստահության ճգնաժամ Սահմանադրական դատարանի նկատմամբ, ուստի, որոշվել էր ունենալ նոր Սահմանադրական դատարան: Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իրեն ուղղակի ցնցել է, որովհետև այդ նամակը կարդալով, հասկացել է, որ 2017 թվականի տրանսֆորմացիայի շրջանում կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, չեն նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում:

«2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը: Որևէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երբ 2015 թվականին նախաձեռնվում էին սահմանադրական փոփոխությունները, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխումն է :

«Մենք պետք է ունենանք կառավարության, նախագահի , խորհրդարանի նոր ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև սահմանադրական տեքստի հեղինակները, ըստ էության, պնդում էին, որ նրանք գտել են, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում իդեալական Սահմանադրական դատարանը, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա գլոբալ կարիքներին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. « Հարց՝ ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի այսօրվա գործող Սահմանադրության տեքստին: Մենք չունենք այդպիսի Սահմանադրական դատարան»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը բացատրեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան Հայաստանը չի կարող ունենալ մինչև առնվազն 2030 թվականը: «Մենք ունենք այնպիսի դրույթ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որ չենք կարող կիրառել մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է սահմանադրական դատարանը:

Մենք ունենք իրողություն՝ 2019 թվականի Հայաստան թե՛ Սահմանադրության, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան: Այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհած է Սահմանադրական դատարանը»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս