«Արցախին դեռևս հաջողվում է չտրվել Հայաստանի իշխանությունների սադրանքներին». Գառնիկ Իսագուլյան

«Ճիշտ է, դեռևս կա այն իրավիճակը, որն առկա էր Արցախում մայիսի 9-ից հետո, սակայն Արցախի իշխանություններն այդ առումով բավականին հստակ կարողանում են բալանսը պահպանել և չտրվել այն սադրանքներին, որոնք լինում են ՀՀ իշխանությունների կողմից։ Սադրանքներին չեն տրվում այն պարզ պատճառով, քանի որ դա կարող է ավելի լուրջ բաների տեղիք տալ Հայաստանի կողմից և մտնել ավելի վտանգավոր փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա՝ այսօր ԱԺ պատգամավորները, հատկապես՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն ընդհանրապես իրենց հաշիվ չեն տալիս, թե ի՞նչ և ինչի՞ մասին են խոսում, որը կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ։ Խոսում են՝ օրինակ, Արցախի և այնտեղ ընթացող գործընթացների վերաբերյալ։

«Եթե չորս անգամ գնում են Արցախ, իրենց թվում է, թե արդեն ամբողջական տիրապետում են ինֆորմացիային, կամ իրենց հետ հանդիպում ունեցողներն ասում են այն, ինչ իրականում կա։ Ճիշտ է, նրանք իշխանություն են, բայց դեռ այն իշխանությունը չեն, որը կարողանում է գաղտնիք պահել։ Հենց Վենետիկի հանձնաժողովի ամբողջ գաղտնի մասն իշխանության ներկայացուցիչներն են տարածել։ Փորձում են մեղադրել այն հասարակական կազմակերպությանը, որն այն տպելու իրավունք ուներ»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Նա խորհուրդ տվեց՝ ԱԺ, հատկապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի նման հարցերում դրսևորեն կոռեկտություն, հատկապես, երբ խոսում են Արցախի մասին։

Նույն հորդորով նա դիմեց նաև Կառավարության անդամներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գնալով Արցախ կամ այնտեղից վերադառնալուց հետո անում են այնպիսի հայտարարություններ, որոնք անհասկանալի են ու զարմանք են առաջացնում։
«Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Կառավարությունն ու Ազգային ժողովը բոժոժի վիճակում են գտնվում, օրինակ՝ թիթեռը ձվադրում է, այնտեղից դուրս են գալիս թիթեռներ, որոնք ագահորեն ուտում են ամեն ինչ։ Պատկերացրեք, որ Նիկոլը ձվադրել է այսօրվա կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին, եթե Նիկոլը չլիներ, նրանցից որևէ մեկը թրթուր էլ չէր դառնա և կմնային այնպես, ինչպես կային՝ բնությանն ու մարդկությանն անհայտ կերպարներ»,- շեշտեց Գառնիկ Իսագուլյանը։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց՝ ասել է և այժմ էլ կրկնում է, որ վարչապետն իրեն դուրս է դրել

Սահմանադրությունից, ԱԺ-ն նույնպես դուրս է գտնվում Սահմանադրությունից, քանի որ մասնակցեց վարչապետի՝ դատարանների մուտքը փակելու ակցիային։

Ինչ վերաբերվում է նախագահ Արմեն Սարգսյանին, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ նա իր համար գոյություն չունի այլևս՝ հանգուցյալ է, որի համար Դադիվանքում արդեն խունկ են ծխել։ Բայց որպես ինչ-որ մեկի ամուսին, հայր, պապիկ՝ նա մնում է՝ որպես Արմեն Սարգսյան։

«Մնացել է միայն մեկ լեգիտիմ մարմին՝ դատական իշխանությունը, բայց Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո իրեն հռչակեց ՍԴ նախագահ։ Միայն հոգեկան հիվանդները կարող են նման բան անել, բայց Վահեին հատուկ է ոչ միայն հոգեկան հիվանդությունը, այլև ուրիշ բաներ, որոնց մասին արդեն ասել եմ։ Պետք է հասկանային, որ դրանից հետո ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ էլ այլ կառույց չէին կարող ողջունել իրենց քայլերը։ Զարմանում եմ, այդ ինչպե՞ս են որոշում, որ ժողովուրդը դատական համակարգի նկատմամբ անվստահություն ունի, հանրաքվե են արե՞լ, մոռացե՞լ են, որ վաղուց ժողովուրդն իրենց հետ չէ, և իրենք այլևս չեն արտահայտում ժողովրդի տեսակետը»,- ընդգծեց Գ. Իսագուլյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս