Փորձագետը ողջունում է նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու մտադրությունը
ԱՄՆ-ում այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները բանակցում են նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ։
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությանը ծանոթացել է մամուլից և շատ ողջունում է իրողությունը:
«Դա չափազանց ուրախալի է և վկայում է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր ոլորտն առողջ է և շարունակում է զարգանալ: Դա շատ ողջունելի է»,- ասաց Ա. Մարջանյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2 տարի առաջ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, որ այդ պահին նոր ատոմակայանի կառուցումը սկսելու կարիք չկա, քանի որ Մեծամորի ատոմակայանը պետք է աշխատի մինչև 2027 թվականը, և, եթե Հայաստանը սկսի ատոմակայանի կառուցումն ու այն ավարտին հասցնի նախատեսված հինգ տարում, 2022-23 թվականներին փաստացի կլինի 2 ատոմակայան, որոնք միասին կարտադրեն ավելի շատ էլեկտրականություն, քան դրա անհրաժեշտությունը կա: