Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունն ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին

Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին: Այդ մասին ասված է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

2020 թվականի մարտից ծնողներն իրենց երեխաների մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ պետք է ներկայացնեն այն բանի հաստատումը, որ երեխան պատվաստված է կարմրուկի դեմ: Պարտադիր պատվաստում կսահմանվի նաեւ դայակների, մանկապարտեզների, դպրոցների անձնակազմի, բժշկական եւ այլ հասարակական հիմնարկությունների, այդ թվում փախստականների կենտրոնների աշխատակիցների համար: Խախտողներին սպառնում է տուգանք մինչեւ 2,5 հազար եվրո: Երեխաներին, որոնք պատվաստված չեն լինի, պարզապես չեն ընդունի մանկարպարտեզ:

Այն երեխաների ծնողները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն ընդունվել են մանկապարտեզներ, դպրոցներ, ինչպես նաեւ վերոհիշյալ հիմնարկություններ արդեն աշխատանքի ընդունված չափահասները պետք է պատվաստման մասին համապատասխան հաստատումը ներկայացնեն ամենաուշը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս