Լիահույս ենք, որ սպասվելիք ներքաղաքական իրադարձությունները զերծ կլինեն բռնություններից և ոչ իրավաչափ գործողություններից. Արամ Հարությունյան
Մենք լիահույս ենք, որ սպասվելիք ցանկացած ներքաղաքական իրադարձություն զերծ է լինելու անհարկի շահարկումներից, բռնություններից և ոչ իրավաչափ գործողություներից:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» նորաստեղծ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ավելացրել, որ պետք է զերծ մնալ քաղաքացու ազատություններն ու իրավունքները սահմանափակող, դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող գործելաոճից, որոնք կվտանգեն Արցախի Հանրապետության ներքին կայունությունն ու պետության պաշտպանունակությունը, ինչպես նաև միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետություն:
«Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները չպետք է խոչընդոտ հանդիսանան մարդկանց բնականոն կյանքին: Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր քաղաքական գործիչների կողմից նկատելի է որոշակի ակտիվություն, ինչը, կարծում եմ, ընդունելի է ցանկացած ընտրական գործընթացի պատրաստվող երկրի համար: Սեպտեմբերին մեզ մոտ նախատեսվող Տեղական ինքնակառավարման մարմինների և դրան հաջորդող 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունները պետք է էլ ավելի ամրապնդեն մեր ժողովրդին և որևէ խռովություն չառաջացնեն»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՔՄԴԿ նախագահը կոչ է արել արցախցիներին ողջամտության սահմաններում դիտարկել ցանկացած իրողություն՝ հայրենիքի անվտանգության և պաշտպանության գաղափարը վեր դասելով քաղաքական հայացքներից: