«Եթե Դուբայի շեյխի կնոջ փախուստին աջակցել են Աբու-Դաբիի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգները՝ իրավիճակը կբարդանա». Արաբագետ
Հուլիսի 2-ին միջազգային մամուլը գրեց, որ Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայյան, լքել է ամուսնուն և իր հետ վերցրել երկու երեխաներին ու ավելի քան 31 մլն ֆունտ:
Բրիտանական «The Sun» պարբերականն էլ գրեց, որ արքայադուստրը, ում չեն տեսել փետրվարից ի վեր, երկու երեխայի հետ փախել է Գերմանիա։ Շեյխը գերմանական իշխանություններին խնդրել է հետ վերադարձնել 45-ամյա կնոջը, 7-ամյա որդուն՝ Զայեդին, և 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային, սակայն մերժում է ստացել:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ արքայադուստրը Գերմանիա է փախել, քանի որ մտածել է, որ Մեծ Բրիտանիա փախչելու դեպքում իշխանություններն իրեն հետ կվերադարձնեն: Չնայած այս ամենին, այժմ նա հաստատվել է Լոնդոնում։
Այն, որ Գերմանիան Դուբայի շեյխին մերժել է արտահանձնել նրա կնոջը, դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Գերմանիայի հարաբերություններում, և շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ այս ամենը կարող է միջազգային մեծ սկանդալի բերել։
168.am–ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով արքայադստեր փախուստից հետո տեղի ունեցող իրադարձություններին և հնարավոր հետևանքներին՝ նախ նկատեց՝ կանխատեսելի էր, որ Գերմանիան և Մեծ Բրիտանիան հրաժարվելու էին Դուբային հանձնել արքայադուստր Հայյային, քանի որ վերջինիս փախուստի հիմնավորումը կապված էր նրա անձի ու ընտանիքի անվտանգության հետ։
«Որպես եվրոպական առաջատար երկրներ և հաշվի առնելով մարդու իրավունքների հետ կապված խնդիրը, չէին կարող միանգամից կատարել Դուբայի շեյխի պահանջը։ Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ սա առաջին հերթին միջանձնային խնդիր է, և այս համատեքստում դժվար թե ականատես լինենք ուղղակի դիվանագիտական կոնֆլիկտի։ Բայց այն, որ եղել են ստվերային լուրջ բանակցություններ, և Դուբայի շեյխի կողմից եղել են հստակ ու նպատակաուղղված քայլեր՝ ընտանիքին վերադարձնելու համար, փաստ է։ Սա որոշ առումով նաև հանգեցրել է ԱՄԷ-ի և եվրոպակական նշածս երկրների միջև խնդիրների, սակայն սրա մասին ավելի բացահայտ կերպով չի խոսվում»,- ասաց արաբագետը։
Նրա խոսքով՝ արքայադուստր Հայյայի վերադարձը կարող է տեղի ունենալ միայն դիվանագիտական բազմակողմ համաձայնության արդյունքում, որտեղ ներգրավված կլինեն և՛ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, և՛ Հորդանանի թագավորը, չի բացառվում նաև ԱՄՆ-ի ներգրավվածությունը, քանի որ վերջինս լուրջ ազդեցություն ունի ԱՄԷ-ի վրա։
«Ակնհայտ է, որ նրա վերադարձի արդյունքում լինելու են հստակ երաշխիքներ՝ նրա և ընտանիքի անվտանգության հետ կապված, պարզ է, որ չի վերադառնալու և պատրաստակամորեն պատիժ չի կրելու։ Մյուս կողմից՝ պարզ է նաև, որ մենք գործ ունենք Դուբայի շեյխի անձնական ամբիցիաների հետ, որը բավականին ազդեցիկ անձնավորություն է ոչ միայն երկրում, այլև ամբողջ տարածաշրջանում, սա ավելի է բարդացնում խնդիրը։ Բարզ է, որ այնպիսի լուծում պետք է գտնվի, որը որոշակիորեն կմեղմի նաև շեյխի ամբիցիաները»,- շեշտեց Արմեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ արքայադուստրը մեծ ազդեցություն է ունեցել շեյխի կյանքում, քանի որ նրա հետ ամուսնությունը տեղի է ունեցել 2004 թվականին, և այդ ամենը քաղաքական հաշվարկների արդյունք էր, և միայն այդ ամուսնությունից հետո՝ 2006 թվականին, Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումին որոշեց, որ ինքն է լինելու Դուբայի էմիրը։
Արաբագետը նաև հավելեց, որ կան որոշակի չճշտված տեղեկություններ, որ Հայյայի փախուստին աջակցել են մերձավորարևելյան տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող 2 բարեկամներ՝ Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահայանը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը՝ սեփական հատուկ ծառայությունները տրամադրելով։ Ուստի, եթե այս ամենը համապատասխանի իրականությանը, ապա իրավիճակը բարդանում է։
Նշենք, որ արքայադուստր Հայյան Հորդանանի նախկին թագավոր, հանգուցյալ Հուսեյն իբն Թալալի ու նրա երրորդ կնոջ՝ թագուհի Ալիյայի 11 երեխաներից մեկն է։ Հայյայի խորթ եղբայրը Հորդանանի ներկայիս կառավարող միապետ Աբդալլա 2-րդն է։ Նա Դուբայի շեյխի հետ ամուսնացել է 2004 թվականին, երբ 29 տարեկան էր, իսկ շեյխը՝ 56 տարեկան։
Զվարթ Խաչատրյան