Արքայադուստր Հայյա. 15 փաստ Դուբայի շեյխի՝ փախուստի դիմած կնոջ մասին
Նրա անունն այսօր ամենաքննարկվողներից է աշխարհում այս պահին։ Օրերս աշխարհը ցնցեց լուրն այն մասին, որ Դուբայի էմիր շեյխ Մուհամեդից փախել է կինը՝ արքայադուստր Հայյան, երկու երեխաների ու 39 միլիոն դոլար գումարի հետ. սկզբում՝ Գերմանիա, ապա՝ Մեծ Բրիտանիա։
Առաջարկում ենք ավելի մոտիկից ծանոթանալ այն կնոջ հետ, ով մինչև այս տարվա հուլիս ամիսը պարկեշտ, օրինակելի արևելյան կնոջ տպավորություն էր թողնում, ով պաշտում էր իր ամուսնուն ու նրա ընտանիքը։ Հայյան անընդհատ իր հարցազրույցներում Մուհամեդին հաճոյախոսություններ էր անում, միջոցառումների ժամանակ նրանք միշտ միմյանց ձեռք բռնած էին քայլում, արքայադստեր սոցիալական ցանցի էջերը լի էին ընտանեկան գեղեցիկ լուսանկարներով… Քչերը կպատկերացնեին, որ նրանց պատմությունն այսպիսի շրջադարձ կունենա։
Եվ այսպես՝ 15 փաստ այդ համարձակ կնոջ մասին։
1. Հայյա բինտ ալ-Հուսեյնը ծնվել է 1974թ. մայիսի 3-ին, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։
2. Նա Հորդանանի նախկին թագավոր, հանգուցյալ Հուսեյն իբն Թալալի ու նրա երրորդ կնոջ՝ թագուհի Ալիյայի 11 երեխաներից մեկն է։ Հայյայի խորթ եղբայրը Հորդանանի ներկայիս կառավարող միապետ Աբդալլա 2-րդն է։
3. Արքայադուստր Հայյան Մուհամեդ մարգարեի ուղիղ ժառանգն է 43-րդ սերնդում։
4. Երեք տարեկան հասակում Հայյան կորցրել է մորը։ Ալիյա թագուհին ընդամենը 28 տարեկան էր, երբ զոհվեց ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Վթարի պատճառ նշվեցին վատ եղանակային պայմանները։
5. Հորդանանում ստանալով նախնական կրթությունը՝ Հայյան տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, ուր սովորում էր Բրիստոլում գտնվող, միայն աղջիկների համար նախատեսված Badminton School դպրոց-ինտերնատում, ապա Դորսեթի Bryanston School-ում։ Դրանից հետո Հայյան ընդունվեց Օքսֆորդի համալսարանի Սուրբ Հիլդայի քոլեջը, ուր ստացավ բակալավրի որակավորում փիլիսոփայությունից, քաղաքականությունից ու տնտեսությունից։
6. Հայյան Հորդանանի միակ կինն է, ով բեռնատար վարելու վարորդական իրավունք ունի։ Իր հարցազրույցներից մեկում նա նաև խոստովանել է, որ պարզապես պաշտում է արագընթաց մեքենաներ վարել. Նրա սիրելի մակնիշը Ասթոն Մարտինն է։
7. Արքայադստեր սիրելի զբաղմունքների թվում են բազեի որսը, կրակելը և ջրային սպորտի բոլոր տեսակները։
8. Արքայադստեր հոբբիների մեջ ուրույն տեղ է զբաղեցնում ձիասպորտը, որով նա պրոֆեսիոնալ մակարդակում զբաղվում է՝ սկսած փոքր տարիքից։ Արդեն 13 տարեկան հասակում Հայյան Հորդանանը ներկայացնում էր միջազգային մրցույթներում, իսկ 18 տարեկանում բրոնզե մեդալ նվաճեց պանարաբական խաղերում՝ դառնալով այդ մրցումների պատմության ողջ ընթացքում միակ կին մրցանակակիրը։ 2000թ. Հայյան Ավստրալիայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Հորդանանի պաշտոնական պատվիրակության կազմում էր՝ որպես դրոշակակիր։ Երկու տարի անց արքայադուստրը միակ արաբ կինը դարձավ, ով մասնակցեց Իսպանիայի Խերես քաղաքում անցկացված կոնկուրի մրցաշարին։
9. Հայյան տիրապետում է մի քանի օտար լեզուների՝ իսպաներենին,անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, պորտուգալերենին, և ասում են՝ կարող է բացատրվել նաև ռուսերենով։
10. Թե ինչպես և երբ է տեղի ունեցել Հայյայի ու Դուբայի շեյխի, ԱՄԷ-ի վարչապետ Մուհամմեդի հետ ծանոթությունը, հայտնի չէ։ Նրանց սիրո պատմությունը լայն հասարակության համար հանգում է նրանց՝ 2004թ. Ալ-Բարաքի արքայական պալատում տեղի ունեցած հարսանիքի վերաբերյալ նորություններին։ Այդ հարսանիքին ներկա էին միայն ընտանիքին ամենամտերիմ զույգեր, այդ թվում՝ Հայյայի եղբայրը՝ Աբդալլա թագավորն ու նրա կին Ռանիյան։ Այդ ժամանակ հարսնացուն 29 տարեկան էր, իսկ փեսան՝ 56։ Հայյան դարձավ նրա 6-րդ կինը։ Իր ամենաառաջին հարցազրույցներից մեկում արքայադուստր Հայյան խոստովանել է. «Չեմ կարծում, որ կարող եմ երջանիկ լինել առանց կարիերայի։ Ես չափազանց շատ էներգիա ունեմ, և ինձ շատ արագ կձանձրացնի տանը նստելը։ Ես իմ ամունուն կգժվեցնեմ, եթե ոչ մի տեղ դուրս չգամ»։
11. Այդպես էլ պատահեց։ Հայյան ոչ այնքան հաճախ, որքան եվրոպական միապետների կանայք, բայց և այնպես դրսակենցաղ կյանք էր վարում։ Հատկապես ակտիվ գործունեություն էր ծավալում բարեգործության ոլորտում։ Նրա ջանքերի շնորհիվ հիմնադրվեց արաբական Tikyet Um Ali («Ուտել՝ ապրելու համար») կազմակերպությունը, որի նպատակը Հորդանանում սովի դեմ պայքարի խնդիրն էր։ 2005թ. նրան նշանակեցին Համաշխարհային պարենամթերային ծրագրի բարի կամքի դեսպան, իսկ 2007թ. նա դարձավ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան։
12. Լինելով շեյխ Մուհամեդի կինը՝ Հայյան նրա մասին հաճախ իր հարցազրույցներում խոսում էր՝ նշելով նրա բնավորության գծերը, որոնք իրեն հիացնում են, նրա վաստակը՝ որպես ԱՄԷ-ի վարչապետ, և նույնիսկ պնդում էր, որ իր երջանիկ ամուսնության պատճառը թաքնված է հենց իր ամուսնու մեջ։
13. Հայյան երկու երեխա ունի։ 2007թ. նա ունեցավ իր դստերը, իսկ 2012թ. հունվարին՝ որդուն։
14. Հայյայի սիրելի երաժշտական խումբն է Guns N’ Roses-ը, իսկ երգչուհին՝ Փինքը։
15. Մի անգամ հարցազրույցներից մեկում արքայադուստր Հայյային խնդրեցին խորհուրդ տալ բոլոր կանանց, և ահա թե նա ինչ պատասխանեց.
«Երբեք չհրաժարվեք ձեր հավատից կամ սկզբունքներից ու մի գնացեք փոխզիջման, բայց միևնույն ժամանակ մնացեք հանդուրժող։ Երբեք մի դատեք ուրիշներին ու հարգալից եղեք։ Սիրեք ու ազնիվ եղեք ինքներդ ձեզ ու աշխարհի հետ։ Հիշեք, որ մեզնից յուրաքանչյուրը ծնվել է որպես ազատ մարդ, և ոչ ոք իրավունք չունի ձեզ վանդակը նստեցնել։ Ձեզ հետ դա միայն ինքներդ կարող եք անել»։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը