Երջանկության աղբյուրը առաքինությունն է
Մեր կյանքում լինում են օրեր, նույնիսկ ամիսներ կամ տարիներ, որոնց ընթացքում չենք համարձակվում երկինք նայել: Գիտենք աղոթել, ճանաչում ենք մեր աղերսանքների հասցեատիրոջը և հավատում Նրա զորությանն ու բարեգթությանը, բայց… զգում ենք, որ համատեղելի չեն մեր ներկա բարքն ու Տիրոջից ներում ստանալու ակնկալիքը:
Դեպի լույսը գնալու համար պետք է նախ դուրս գալ խավարից: Ավելի պարզ ասած, եթե մի վատ արարքի համար ներողամտություն ենք հայցում, պետք է նաև ավելացնենք` «Էլ չեմ անի…»:
«Աստվա՛ծ, ների՛ր ինձ, ես մոլորված եմ»: Այս խոսքերը չենք կարողանում համարձակորեն արտաբերել, որովհետև վախենում ենք լույսից, որովհետև գիտենք, որ երբ մեր խնդրանքին ի պատասխան Տերը ասի` «Ներս համեցիր», մենք ետ ենք շրջվելու ու նորից փախչելու ենք դեպի մեղքի գինետուն, դեպի խավար, որտեղ, մեր կարծիքով, Տերը չի տեսնում մեր խոտելի վարքը:
Բայց Աստված ամենատես է: Նա Ինքը «լույս է, և նրա մեջ խավար չկա, բոլորովի՛ն չկա» (Ա Հովհաննես Ա 5):
Մեծ պահքի երրորդ կիրակին հայտնի է «կորած և գտնված»` Անառակ որդու առակով: Այս առակն, իրավամբ, համարվում է «Ոսկե Ավետարան» կամ «Ավետարան Ավետարանի մեջ»: Պատմություն, որին տարբեր կողմերից կարելի է մոտենալ և յուրաքանչյուր եզրից էլ քաղել ճիշտ ապրելակերպի մատչելի ու հավիտենական դասեր: Տվյալ պարագայում մենք ելակետ չենք ընդունում «Ոսկե Ավետարանի» այն մեկնությունը, ըստ որի` ավագ որդին օրինապաշտ հրեան է, իսկ կրտսերը` քրիստոնեության դարձող հեթանոսը: Այլ փորձում ենք պատմությունը ներկայացնել յուրաքանչյուրիս հավատքի դեգերումների, Աստծուց խուսափելու և կրկին դեպի Աստված դարձի լուսարձակների ներքո:
«Մի մարդ երկու որդի ուներ»: Կրտսերը հորից խնդրում է իր բաժին ունեցվածքը, փողի վերածում և օտար աշխարհներում վատնում ամեն ինչ, որովհետև անառակ կյանքով էր ապրում:
Մենք էլ ենք շատ հաճախ Աստծուց մեզ տրված շնորհների հանդեպ լինում անփույթ, մինչև որ դրանք մեզ փոխ տվողը` Ամենակալը, նորից ետ է վերցնում մեզնից… Սակայն, ի վերջո, աշխարհային կյանքի փոթորիկներից քշված, հասկանում ենք, որ հայրական հարկի խաղաղությունն է իրական երջանկությունը:
Եվ կրտսեր որդու նման, կորցրած ամեն ինչ, նորից ապավինում ենք Աստծուն: «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու. ինձ վերցրու՛ իբրև քո աշխատավորներից մեկը»:
Երբ օտարացած որդին այս խոսքերն է արտաբերում, հայրը գրկաբաց է ընդունում նրան և մեծ ուրախություն սարքում: Որդին գտնվել էր իրապե՛ս, որովհետև նրա որոշումը վերջնական էր և անփոփոխ` մնալ և հաստատվել հայրական հարկի տակ: Իսկ ավագ որդին, ով ագարակից էր գալիս, տնից ուրախության ձայներ լսելով և իմանալով եղելությունը, բարկանում է և մնում դրսում կանգնած: Հայրը նրան աղաչում է, որ ներս մտնի: Ի պատասխան. «Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի,- ասում է հորը: – Երբ եկավ քո այդ որդին… պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Հայրը ավագ որդուն պատասխանում է. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս ԺԵ 11-32):
Մենք էլ երբեմն տրվում ենք աշխարհի պատրանքներին. մեզ թյուրիմացաբար թվում է, թե Աստված կաշկանդում է մեզ` ապրել, զգալ, ուրախանալ, վայելել… Աստծո հայացքի ներքո ապրելը մեզանից ոմանց սրտնեղություն է պատճառում: Մինչև որ գալիս է ժամանակը, և հասկանում ենք` լավագույնը, որ ունեինք, այն ժամանակ էր, երբ Տիրոջ հավատարիմ զավակն էինք:
Իսկական վայելքը հոգու անդորրն է: Սրտի խաղաղություն, հավասարակշռություն, սթափություն, հավիտենականության բույրն զգալու բերկրանք, ոգու մեծ ուժ. մեկ խոսքով` երջանկություն: Սա է քրիստոնյայի վարձը այստեղ՝ երկրի վրա: Իրավ է ասված. «Եթե Աստված մեզ հետ է, ապա տարբերություն չկա, թե ով է մեր դեմ»:
Իսկ Աստծուն մեզ աջակից ունենալու ամենահուսալի ճանապարհը սերն է. սեր յուրաքանչյուր մարդու հանդեպ, սեր` պարտավորեցնող և շրջապատը լուսավորող:
Իսկական երջանկության աղբյուրը առաքինի կյանքն է, որը, ավաղ, շատերս ստիպված ենք լինում հասկանալ «օտար երկրների» փորձառությունից հետո:
Ապրել քրիստոնեավայել, կատարելով աստվածային պատվերները, խնամք տանել ինչպես մարմնի, այնպես էլ հոգու համար, բազմապատկել ունեցած շնորհները, սեր տարածել, հարստանալ` բաշխելով և գոհանալ ունեցածով. սրանցից է կազմված քրիստոնյայի և, ընդհանրապես, մարդու իրական ուրախության ծաղկեփունջը: Ուրախություն, որը մերն է, քանի դեռ ապրում և արարում ենք հայրական հարկի ներքո:
Մնանք հայրական տանը և ի տարբերություն ավագ որդու` գրկաբա՛ց ընդունենք ցոփ կյանքից դեպի քրիստոնեական երջանկություն վերադարձող մեր կրտսեր եղբորը: «Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է, բայց ատում է իր եղբորը, սուտ է և խավարի մեջ է տակավին»,- ասում է Հովհաննես Ավետարանիչը (Ա Հովհաննես Բ 9):
Մենք էլ, հետևելով նույն ավետարանչի հորդորին, մնանք լույսի մեջ` սիրելով իրար ոչ թե միայն խոսքերով, այլև «գործով ու ճշմարտությամբ» (Ա Հովհաննես Գ 18-19):
Եղիշե քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ