Բաժիններ՝

Մեկնարկեց դատավորների ընդհանուր ժողովը

Նախատեսվածից մի փոքր ուշ մեկնարկեց դատավորների ընդհանուր ժողովը. Ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամների։ ԲԴԽ մամուլի ծառայությունից ավելի վաղ տեղեկացնում էին, որ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորի:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն»:

Նրանք են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Սյունիքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սուրեն Մնոյանը, Ելենա Քոչարյանը։

Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով ժամանած դատավոր Մխիթար Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նախշուն Տավարացյանի թեկնածության հետ կապված՝ ընտրվող դատավորների քանակի հարցը պետք է քննարկեն ժողովում, հետո կորոշեն։

Հիշեցնենք, որ երեկ 168.am-ի հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մասնավորապես նշել էր, որ եթե այսօր՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, Նախշուն Տավարացյանը երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Իսկ քաղաքական իշխանության պրեսինգը իշխանության ճյուղերի վրա փաստորեն շարունակվում է, և ակնհայտ է, որ դատական իշխանության շատ ներկայացուցիչներ այդ պրեսինգը սիրով ընդունել են և դարձել հլու-հնազանդ ծառա։ Նախշուն Տավարացյանն այդ կերպ կդառնա գործիք, իսկ դատական իշխանությունը կամլանա»,- եզրափակել էր նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում եղած ճգնաժամի մասին տարբեր մարմիններին ուղարկած նամակին՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ ստացել են նամակը, այս պահին դրա վերաբերյալ կարծիք հայտնել չի կարող, դեռ չունի իրավական դիրքորոշում։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը չբացահայտեց նաև, թե ով է իր թեկնածուն այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Վարդանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս