«Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության քաղաքականությունը». Ռուբեն Մեհրաբյան

«Ամերիկայի Միացյալ Նահանգների զսպող ազդեցության թուլացումը Թուրքիայի վրա ամենևին չի բխում մեր շահերից: Բոլոր դեպքերում այն, որ Թուրքիայի հեռացումն ԱՄՆ-ից հնարավորություն է բացում ռուս-թուրքական էլ ավելի սերտ մերձեցման, ես կարծում եմ, դա նաև մեծացնում է ռիսկը, որ Թուրքիան կարող է մասնակից դառնալ հակահայկական կոնֆիգուրացիաների՝ Ռուսաստանի մասնակցությամբ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով խնդրին, որ չնայած ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանը, Թուրքիան չհրաժարվեց Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից, որի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսի 7-ին:

Թե նման իրավիճակում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ՀԱՊԿ-ն, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել է ՀԱՊԿ գծով գործակցության խնդիրը՝ «проблематика сотрудничества» ձևակերպմամբ, Ռ.Մեհրաբյանը նշեց, որ այդ հարցը պետք է լրացուցիչ ճշգրտվի պետությունների ղեկավարների միջև.

«ՀԱՊԿ-ն ինքնին դաշինք չէ՝ որպես այդպիսին: Դաշինք չէ այն իմաստով, որ ՀԱՊԿ անդամ երկրների՝ դաշնակցային տրամաբանությունից դուրս քայլերը նորմալ են դիտվում՝ զենքի վաճառք, ՀԱՊԿ-ի մի անդամ երկրի մասնակցությունը հակառակորդ երկրի զորքերի շքերթներին, և այլն»:

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ-ից աջակցություն չստանալու դեպքում Հայաստանը կարող է և միայնակ չմնալ, եթե ակտիվ դիվանագիտություն վարի. «ՀՀ-ն պետք է վերանայի իր անվտանգության քաղաքականությունը և իր պաշտպանական քաղաքականությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս