Ո՞վ պետք է ղեկավարի Հակակոռուպցիոն կոմիտեն

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ: Այդ նպատակով Քննչական կոմիտեի, ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության հակակոռուպցիոն վարչություններն ու գործառույթները կփոխանցվեն նորաստեղծ կոմիտեին: Հատուկ քննչական ծառայություն և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այլևս չի լինելու: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնելու է Ազգային անվտանգության ծառայությունը:

Ի դեպ, ռազմավարության նախագծում չի կիրառվում «վեթինգ» արտահայտությունը: Իսկ կոմիտեի գործառույթներից է նաև նշանակման ենթակա՝ ՀՀ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) ստուգելը և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելը և բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքների համակարգումը:

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ միասնական քննչական կոմիտե ստեղծելու առաջարկ ՀԱԿ-ն արել է դեռ 2012թ.-ին:

«ՀԱԿ-ի 2012 թ. նախընտրական ծրագրում մենք շատ լուրջ անդրադարձ ունեինք՝ կապված դատաիրավական բարեփոխումների հետ: Ըստ այդմ՝ առաջարկում էինք ստեղծել մեկ միասնական քննչական կոմիտե, որի մեջ կմտնեին Հատուկ քննչական ծառայությունը, ՊԵԿ-ի, զինվորական, ԱԱԾ-ի գործերով քննչական մարմիները, այսինքն՝ կլիներ մեկ քննչական կոմիտե, մեկ անկախ մարմին, որը լիազորված էր լինելու Հայաստանում իրականացնել նախաքննություն: Հետագայում իբր իրականացրեցին ռեֆորմը, բայց այդ քննչական կոմիտեի մեջ մտավ միայն զինվորականի քննչական բաժինը, ինչը, մեր կարծիքով, շատ թերի էր ռեֆորմի համար: Այնպես որ, այդ դիրքորոշումը մենք պնդում ենք, որ պետք է ստեղծվի մեկ քննչական մարմին, որը կներառի մյուս կառույցների քննչական մարմինները»,- ասաց Ա.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում եղած կոռուպցիան, այժմ ճիշտ կլինի մեկ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը շատ հստակ լիազորություններով, որոնք պետք է մի քիչ ավելի լայն լինեն, քան նախկին հակակոռուպցիոն մարմինների լիազորությունները:

Ա.Խաչատրյանն ընդգծեց, որ այդ նորաստեղծ մարմինը պետք է գործի անկախ բոլոր պետական մարմիններից՝ գործադիրից, դատական իշխանությունից, իրավապահ համակարգից, և լինի վարչապետի ենթակայության ներքո:

Թե ո՞վ պետք է ղեկավարի այդ կառույցը, Ա.Խաչատրյանը նշեց, որ այդ անձը պետք է վայելի հասարակության վստահությունը և ունենա մասնագիտական բարձր ունակություններ:

Տեսանյութեր

Լրահոս