«Արտյոմ Վարդանյանին չեմ ճանաչում, չեմ հանդիպել, չեմ խոսել։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ բիզնես չունեմ, ոչ ոքի չեմ հովանավորում». նախարար
«Datalex» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և այն հրապարակայնորեն հերքելու պահանջով:
Խոսքը լրագրողների հետ զրույցում Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի այն արտահայտության մասին է, թե Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետարանից և Բնապահպանության նախարարությունից հովանավոր ունի:
«Լիքը խոսակցություններ կան, որ բնապահպանության ներկա նախարարն իրա մեջքին կանգնած է, իր մոտ ինչ-որ բիզնես ունի»,- ընդգծել էր նա:
Այդ արտահայտությունից հետո նախարար Էրիկ Գրիգորյանն արդեն իսկ հայտարարել էր, որ զրպարտության համար դատի է տալու Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանին։
Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր. «Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:
Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։
Ինքս միշտ հանդրուժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։
Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:
Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:
Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։
168.am–ի հետ զրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս հայցադիմումն իր տեսակի մեջ զսպող նշանակություն պիտի ունենա, որ վերջապես մարդիկ հասկանան, որ իրենց անհիմն արտահայտությունների համար կարող են նաև պատասխանատվության կանչվել։
«Արդեն մեկ տարի է, ինչ ասես չգրեցին իմ մասին։ Էլ՝ որ հանքի աշխատող եմ, հանքարդյունաբերության ջատագով, ԲՀԿ անդամ, ինչպես ասես չպիտակավորեցին։ Այս հայցադիմումը դաս պետք է լինի բոլոր անպատասխանատու հայտարարություններ անողների համար»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բավականին երկար է լռել ու չի արձագանքել տարբեր կողմերից եկող զրպարտություններին, այլապես մի 30 հոգու մինչ այժմ դատի տված կլիներ, սակայն այս դեպքը սպառեց իր համբերությունը։
«Արտյոմ Վարդանյանին չեմ ճանաչում, չեմ հանդիպել, չեմ խոսել։ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ բիզնես չունեմ, ոչ ոքի չեմ հովանավորում»,- ասաց նախարար Գրիգորյանը։
Նա նաև շեշտեց, որ Արտյոմ Վարդանյանի հայտարարությամբ՝ ինքը նաև օրենք է խախտել, քանի որ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ հայտարարագիր է ներկայացրել, և եթե այնտեղ ոչ մի խոսք չկա իր՝ համատեղ ունեցած բիզնեսի մասին, ուրեմն ինքը շրջանցել է օրենքը։
Էրիկ Գրիգորյանի փաստաբան Արամ Վարդևանյանին հարցրինք, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, թե Արտյոմ Վարդանյանը փորձել է հաշտության եզրեր գտնել իր վստահորդի հետ. Նա, սակայն, ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ լուրերը։
«Այստեղ կարևորն այն է, որ դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել անմիջապես, այնքան որ ակնհայտ էին հիմքերը։ Մեր կողմից կարող ենք ասել, որ պնդում ենք հայցապահանջը»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։