«2015թ.-ից Հայաստանից Վրաստան արտահանումն աճում էր, բայց անցյալ տարվա տվյալները բավականին բացասական են». վրացագետ

Հունիսի 27-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վրացական կողմից` Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Միջկառավարական հանձնաժողովի նիստին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, ով տեղեկացրեց, որ միջկառավարական հանձնաժողովը դեռևս 90-ականներին տնտեսական համագործակցությունը խթանելու համար էր ստեղծվել, իսկ  2011 թվականից հանդիպումներն ավելի նեղ ֆորմատներով են եղել.  «Ավելի նեղ ֆորմատներով են եղել, որի շրջանակներում երկու երկրների վարչապետները պարբերաբար հանդիպում էին թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում և կոնկրետ ոլորտի հետ կապված հարցերի էին անդրադառնում:

Բայց, ի վերջո, միջպետական հարաբերությունների համար շատ կարևոր է, որ լինի ավելի լայն ֆորմատի ինստիտուտ, որը կտա հնարավորություն առավել էֆեկտիվ կառավարելու միջպետական հարաբերությունները և ինչ-որ պրոգրես ստանալ:

Վերջին մի քանի տարին ակտուալ էր այս ֆորմատի վերականգնումը, բայց ինչ-ինչ պատճառներով  2017 թ.-ին տեղի չունեցավ, 2018  թ.-ին գիտեք՝ ինչ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում, իրավիճակը Վրաստանում ևս կայուն չէր՝ կառավարության փոփոխություն, բողոքի ցույցեր»:

Վրացագետը նշեց, որ այս նիստին հիմնական օրակարգային ուղղություններին՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, տուրիզմի, գյուղատնտեսության, ՏՏ ոլորտներին առնչվող հարցերի հետ մեկտեղ՝  քննարկվել են նաև մշակութային և հումանիտար հարաբերությունները:

Տնտեսական հարաբերությունների մասին Ջ. Մելիքյանը ներկայացրեց վիճակագրություն. «Առևտրաշրջանառության հետ կապված երկու երկրներն ունեն 1998 թվականի Ազատ առևտրի համաձայնագիրը: Վերջին տարիների դինամիկան  ցույց էր տալիս, որ կար առևտրաշրջանառության կայուն աճ: 2015թ.-ից Հայաստանից Վրաստան արտահանումն աճում էր, բայց անցյալ տարվա տվյալները բավականին բացասական են՝ թե՛ ներմուծման, թե՛ արտահանման հետ կապված կար անկում՝ դինամիկան հասկանալու համար՝ 2014թ.-ին՝  156 մլն դոլարի առևտրաշրջանառություն, 2015թ.-ին՝ 192 մլն դոլարի, 2016 թ.-ին՝ 245 մլն դոլարի, 2017 թ.-ին՝ 240 մլն դոլարի, 2018 թ.-ին՝ 138 մլն դոլարի, որից՝ արտահանումը՝ 68 մլն դոլար, ներմուծումը՝ 70 մլն դոլար»:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում նման կտրուկ անկումը, վրացագետը պատասխանեց. «Պիտի հասկանանք, որ պետության տնտեսական ակտիվությունը կապված է նաև ներքին իրադարձությունների հետ. երևի թե երկու երկրներում այդ իրադարձություններն ինչ-որ ձևով կարող էին իրենց ազդեցությունը թողնել»:

Անդրադառնալով Լարսի խնդրին՝ փորձագետը տեղեկացրեց, որ Վրաստանն իր տարածքում իրականացնում է որոշ նախագծեր, որոնք ուղղված են Վերին Լարս ճանապարհն ավելի ապահով դարձնելուն. «Այս ամենը կտա հնարավորություն՝ մաքսիմալ օգտագործելու Լարսի հնարավորություները: Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան  Վրաստանում, բարդացրին ռուս-վրացական հարաբերությունները, և այդ հարաբերություններում «Վրացական Երազանք» կուսակցության ձեռքբերումներում հետքայլ եղավ: Եվ դրա համար, եթե նախկինում շատերը խոսում էին Լարսի այլընտրանքի մասին, ապա այս պարագայում չարժե նույնիսկ խոսել. պետք է ֆիքսենք, որ Լարսի այլընտրանքն օդային է և ջրային է»:

Վրաստանի հարցերով փորձագետը, այդուհանդերձ, նշեց, որ չի դիտարկում Լարսի փակում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու Վրաստանի կողմի աշխատանքները  լարվածության թուլացման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս