«Սրանք մի բան են ասում,  նրանք՝ մի բան». Ալավերդցիները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը և պահանջում են, որ կառավարությունից հանդիպեն իրենց հետ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել են գործարանի բոլոր ելքերն և մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:

Բողոքի ակցիայի մասնակիցները սա ապօրինություն են համարում:

«Այստեղ է Ալավերդու քաղաքապետը, սպասում ենք, որ Կառավարությունից մարդ գա, հանդիպի «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հետ, որովհետև սրանք մի բան են ասում, նրանք՝ մի բան, ժողովրդին էլ՝ 200 հոգու, արդեն վերջնահաշվարկով տուն են ուղարկել: Առավոտյան խոսել ենք «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ, ասաց՝ հնարավոր է, որ ևս 200 հոգու էլ մեկ կամ երկու ամիս հետո տուն ուղարկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ շատերը թողել-գնացել են Ռուսաստան, ոմանք էլ ժամանակավոր աշխատանք են գտել Երևանում, Վանաձորում՝ հուսալով, որ կրկին կվերադառնան Ալավերդի:

Գործարանի աշխատակիցները նշեցին, որ վարկեր ունեն նաև բանկերում:

«Աշխատավարձի 2/3-ը ստանում էինք ու որոշ չափով հոգում այդ հոգսը: Գոնե կառավարությունից գան՝ սառեցնեն այդ գումարները, մինչև աշխատատեղ բացվի: Լրիվ անորոշ վիճակ է»,- հայտնեցին նրանք:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների խոսքով՝ տնօրինությունն ու կառավարությունը մեկ հայտարարի չեն գալիս, արդյունքում՝ իրենք են տուժում:

«Սպասում ենք, որ կառավարությունից մարդ գա, իրար դեմ դիմաց հանդիպեն, խոսեն, որովհետև Կառավարությունից ասում են՝ կընդառաջենք, կաշխատի, այստեղ ասում են՝ չեն ընդառաջում»,- հավելեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել էր մինչև հունիսի 30-ը:

2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս