Apple Watch-ը փրկել է 87-ամյա կնոջ կյանքը
Խելացի ժամացույցն արագ է արձագանքել ավտովթարի ժամանակ:
Apple Watch-ի վերջին մոդելը`Series 4-ը`արտակարգ իրավիճակում «Անկման հայտնաբերում» գործառույթի օգնությամբ փրկել է Մեն նահանգի տարեց բնակչին, հայտնում է 9to5mac-ը:
87-ամյա Դոթի Ուայթն ավտովթարի մասնակից է դարձել գնումներից վերադառնալիս: Կնոջ խոսքերով՝ ինքը հնարավորություն չի ունեցել օգտվել հեռախոսից ավտովթարից հետո: Խելացի ժամացույցը, զգալով, որ մեքենան ուժեղ բախման է ենթարկվել, ընդունել է դա՝ որպես անկման ազդանշան, և դիմել է օգնության:
«Ժամացույցը կապվել է իմ որդու հետ Ֆլորիդայում, ինչպես նաև աղջիկներիս հետ Մասաչուսեթսում և Մենում: Այդպես նրանք իմացան, թե ինչ է կատարվել ինձ հետ, և որտեղ է կատարվել դեպքը»,- պատմել է կինը:
Դոթի Ուայթի որդին անմիջապես ստացել է հաղորդագրությունը, զանգել է իր քրոջը, որը շտապել է դեպքի վայր:
Ավտովթարի արդյունքում կինը ստացել է մի քանի կոտրվածք: Նա նշում է, որ, եթե չլիներ ժամացույցը, ինքն ավելի լուրջ և, գուցե, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ կստանար:
Արագ ազդանշանի այդ գործառույթը ներդրվեց Apple Watch Series 4-ում: Առաջին անգամը չէ, որ ժամացույցը փրկել է մարդու կյանքը: Գրեթե մի ամիս առաջ կրկին Միացյալ Նահանգներում ժամացույցը հաղորդագրություն էր ուղարկել տարեց տղամարդու որդուն: Տղամարդն ընկել էր աթոռից և վնասել գլուխը:
Սիրարփի Աղաբաբյան