Բաժիններ՝

Անվախ եղիր կյանքիդ ճանապարհին

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի հիշատակության օրը: Մարդ, ով իր վարքով ամբողջ կյանքն ապրեց անսահման մեծ հավատով ու հավատարմությամբ: Նրա ճգնակենցաղ կյանքը օրինակ հանդիսացավ շատերի համար: Մեկը, ով երբեք չվախեցավ սեփական կարծիքն ու քննադատությունը բարձրաձայնել անարդարության դեմ, անգամ՝ եթե դիմացինը թագավոր է կամ այլ պաշտոնյա:

Հովհաննես Մկրտիչը եկավ Քրիստոսի մասին վկայելու: Հաշվի առնելով Քրիստոսի նախորդը լինելու հանգամանքը` նրան անվանել են Հովհաննես Կարապետ (նախակարապետ), որը նշանակում է առջևից գնացող:

Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է դեռևս նրա` Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ: Երբ Եղիսաբեթը հանդիպում է Մարիամ կույսին, ով արդեն հղի էր Հիսուսով. մանուկը նրա որովայնում սկսում է խաղալ (Ղուկ. 1:35-45): Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհով: 30 տարեկանում գնում է քարոզելու Հրեաստանի անապատում` պատրաստվելու Տիրոջ գալստյանը, և կոչ է անում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է: Ապաշխարության արժանի գործե՛ր կատարեցեք, որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, ով ասում է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3):

Հովհաննես Կարապետը փայլուն կերպով ցույց տվեց այն ճանապարհը, որով պետք է մոտենալ Աստծուն: Այդ ճանապարհն անցնելու համար նա կարևորեց սրտի և հոգու մաքրությունը և ինքն էլ իր պատգամի կրողը դարձավ:

Այսօր մեր կյանքի ամենակարևոր առաքելությունն է պատրաստել Տիրոջ ճանապարհը, որն անցնում է մեր հոգու ու սրտի միջով և հարթում փրկության ճանապարհը: Այդ ճանապարհին Աստծուն լսելու, Նրան հաղորդակից լինելու համար առաջնահերթ պետք է լինեք ողջամիտ, գիտակից և բավականաչափ ուժեղ, ինչպիսին Հովհաննեսն էր:

Հիշեք՝ կյանքը գեղեցիկ ու անվտանգ է, երբ Աստծո հետ ես որոշում քայլել քեզ բաժին հասած ճանապարհը:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս