«Լսել եմ, որ հրահանգ է եղել Վիճակագրական կոմիտեին՝ հնարավորինս լավագույն թվերը նկարեն». Տնտեսագետ
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում դիտարկվեցին՝ որպես տնտեսական առաջընթացի ցուցիչ:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ԱՎԿ-ի կողմից ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-մայիս ժամանակային միջակայքում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 7.3%-ով, արդյունաբերությունն աճել է 10.2%-ով, շինարարությունն աճել է 2%-ով, ներքին առևտրի շրջանառությունն աճել է 4.9%-ով, ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով, արտահանումն աճել է 11.7%-ով, ներմուծումը նվազել է 10.5%-ով:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով հրապարակված թվերին՝ նկատեց, որ դրանք չեն արտացոլում տնտեսական իրական վիճակը.
«Թոմազո Կամպանելա անունով մի իտալացի կար, որ «Արևի քաղաք» անունով ստեղծագործության մեջ նկարագրում է մի երկրի գեղեցկություն, որն իրականում գոյություն չուներ: Հիմա այս իշխանությունները, խոշոր հաշվով, իրենց ունեցած ահավոր վիճակը նկարագրում են շատ բարձր ցուցանիշներով, իսկ իրականում ներառական առումով ամբողջ ժողովուրդը հոգնած ու զզված է, որովհետև մարդ արարածն ուզում է աշխատել, ունենալ եկամուտ…:
ՏԱՑ-ի մասին ես բազմիցս ասել եմ, որ կեղծ ցուցանիշ է, այն ցույց չի տալիս տնտեսության զարգացում. տնտեսական իմպերատիվ ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է, այն էլ՝ որակական առումով»:
Տնտեսագետը նշեց նաև գնաճի մասին՝ հիշեցնելով, որ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները և բնամթերքը թանկացել են.
«Սարսափելի թանկացումներ են, և այս բոլորի պարագայում գտնվել այդքան անամոթ և արտահայտել ցուցանիշներ… Ես, օրինակ, լսել եմ, որ հրահանգ է եղել Վիճակագրական պետական կոմիտեին, որ հնարավորինս լավագույն թվերը նկարագրեն»:
Զարուհի Դիլանյան