Կառավարությունը կառաջադրի՞ ՍԴ դատավորի թեկնածուներ
Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը գտնվում է կառավարության ձեռքում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այժմ կառավարության հերթն է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, ընդ որում՝ կառավարությունն իրավունք ունի առաջադրել 3 թեկնածուներ, որի դեպքում ՍԴ-ում քվորում ապահովելու նվազագույն քանակը` 5 դատավոր, կլրանա և ՍԴ-ն կկարողանա գործել:
«Իրավական նորմի կիրառումը և մեկնաբանությունները գտնվում են կառավարության ձեռքում: Այսինքն՝ ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՍԴ անդամները, ո՛չ դատավորները, որևէ մեկը չի կարող կաշկանդող սուբյեկտ հանդիսանալ կառավարությանը՝ առաջադրելու այդ թեկնածուներին: Կառավարությունն առաջադրում է 3 թեկնածու, նշանակման որոշումը կայացվում է ԱԺ կողմից»,- ասաց նա՝ հավելելով, թե կառավարությունն ինչպիսի՞ ընթացակարգով կգնա, դա կառավարության որոշելիք խնդիրն է:
Մեր դիտարկմանը, թե կառավարության թեկնածուները ՍԴ-ում ո՞ւմ են փոխարինելու, չէ՞ որ ՍԴ անդամները հրաժարականներ չեն տվել և շարունակում են գնալ աշխատանքի, Ն.Բաղդասարյանը պատասխանեց. «Զուգահեռի խնդիր չկա, կա անդամ, կա դատավոր: Դա առաջացել է զուտ անցումային դրույթներում կա՛մ բացի, կա՛մ դիտավորության արդյունքում: Իրավաբանությունը որոշակի իրավանորմերի պարտադիր կիրառման գործընթաց է, եթե իրավանորմն ասում է, որ մածունը սև է, նշանակում է՝ մածունը սև է: Այսինքն՝ դա ուղղելու համար կա համապատասխան գործընթաց: Անդամները, ըստ Սահմանադրության, պաշտոնավարելու են մինչև նախատեսված ժամկետները: Դատավորները, եթե նշանակվեցին, իրենք պաշտոնավարելու են օրենքով նախատեսված ժամկետում»:
Թե ի՞նչ կորոշի կառավարությունը, արդյո՞ք կառաջադրի ՍԴ դատավորի թեկնածու, դեռ պարզ չէ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ կառավարությունում դեռ քննարկվում է Վահե Գրիգորյանի նամակը: