«Դա բարդ, սահմանադրական խնդրահարույց վիճակ է». Սիսակ Գաբրիելյան
«ՍԴ որոշումն անակնկալ չէ. անգամ ԱԺ նիստերի դահլիճում Վահե Գրիգորյանն անձամբ այդ մասին հայտարարեց, որ քանի որ ինքը տվյալ գործով, ըստ էության, իրավահաջորդների ներկայացուցիչների փաստաբան է հանդես եկել և, բնականաբար, այստեղ կա շահերի բախում, ինքն անձամբ չի մասնակցի այդ գործի քննությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով Հրայր Թովմասյանի ստորագրությամբ Սահմանադրական դատարանի հրապարակած աշխատակարգային որոշումը, ըստ որի՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի դիմողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այս գործերի քննությանն այլ դատարաններում:
Պատգամավորի խոսքով՝ սա տրամաբանական որոշում է, նաև տրամաբանական կլինի առաջիկայում ՍԴ մեկ այլ որոշումը, որ ՍԴ այլ անդամներ չեն մասնակցի այս գործի քննությանը՝ հաշվի առնելով, որ նրանք նախկինում անձնապես կապի մեջ են եղել նույն նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և անդամներից երկուսը անգամ խրախուսանքի են արժանացել Քոչարյանի կողմից:
Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ նման տրամաբանությամբ միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը որևէ առնչություն չի ունեցել Ռ.Քոչարյանին, այսինքն՝ մեկ դատավորի դեպքում ի՞նչ է լինելու, Ս.Գաբրիելյանը պատասխանեց, որ դա բարդ, սահմանադրական խնդրահարույց վիճակ է. «Հուսանք նման իրավիճակի չեն հասնի»: