«Հայ-ռուսական հարաբերություններում էլ ի՞նչ հետևանքներ պետք է լինեն, ամեն բան արդեն պատահել է»․ Կոլերով
168․am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
– Պարոն Կոլերով, այն բանից հետո, ինչ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպելուց հետո հրավիրվեց ՀՀ ԱԳՆ՝ ՀՀ ներքին գործերին միջամտության կոնտեքստում զրույցի նպատակով, դեսպանը շարունակեց հանդիպումները ՍԴ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, օրերս՝ նաև «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ նպատակով է ՀՀ-ում ՌԴ դեսպանը նման հանդիպումների շարք նախաձեռնել։
– Վերջին հանդիպման մասին տեղեկացել եմ տարբեր աղբյուրներից, սովորական հանդիպում է։ Բայց ՀՀ Սահմանադրական դատարանի և Գլխավոր դատախազի հետ հանդիպումներն անհրաժեշտ էին, որպեսզի նրանք ներկայացնեին իշխանության դիրքորոշումը։ Այսինքն՝ հավասարակշռության նպատակով։
– Այսինքն՝ Քոչարյանի գործի շրջանակում։
– Այո, անկասկած։
– «Բաղրամյան 26» անունով տելեգրամ ալիքը հոդված էր հրապարակել ՌԴ դեսպանի այս հանդիպումների վերաբերյալ՝ նշելով, որ Կոպիրկինը կարող է կրկնել Բելառուսում ՌԴ նախկին դեսպան Բաբիչի ճակատագիրը։ Հայաստանում նմանատիպ բովանդակությամբ կարծիքներ շրջանառվում են։ Կա՞ նման հնարավորություն՝ ըստ Ձեզ։
– Այո, կա, եթե դրան փորձի հասնել Հայաստանը։ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը հանդիսանում է փաստացի, կրկնում եմ, փաստացի Փաշինյանի պաշտոնական պրոպագանդիստական ռեսուրսը, դա ակնհայտ է, ուստի կարծում եմ՝ կարելի է ավելի պարզ գործել՝ չբարդացնելով իրավիճակը։ Եթե Փաշինյանի պաշտոնական պրոպագանդային դուր չի գալիս դեսպանը, նրանք կարող են նրան հայտարարել անցանկալի անձ, կամ խնդրեն Ռուսաստանից ետ կանչել նրան։ Իմ նշած քայլերը կարելի է հեշտությամբ իրականացնել, և մարդը կհեռանա, ինչո՞ւ բարդացնել, ինչո՞ւ առևտուր անել, վախեցնել։ Իսկ այս ամենը վախեցնելու և առևտուր անելու տպավորություն է ստեղծում, իսկ նման բաներ պետք չէ անել։ Դուր չի գալիս՝ Ձեր քայլերն արեք։
– Նման քայլերը հետևանքներ չե՞ն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։
– Իսկ ըստ ձեզ՝ պրոպագանդան չի՞ ունենում հետևանքներ։ Ունենում է, իսկ դուք կարծում եք ԱԺ խոսնակի հայտարարությունը դեսպանի և Քոչարյանի հանդիպման վերաբերյալ չի՞ ունենում հետևանքներ, ունենում է, էլ ի՞նչ հետևանքներ պետք է լինեն հայ-ռուսական հարաբերություններում, ամեն ինչ արդեն պատահել է, ամեն բան իր հետևանքներն ունի։ Եթե այդ կուրսն եք վերցրել, պետք է այն շարունակել մինչև վերջ։
– Այսինքն՝ այս ներքին զարգացումները, դրանց արձագանքները Դուք դիտարկում եք՝ որպես ՀՀ աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ցանկությո՞ւն՝ ԵԱՏՄ ելք և այլն, չնայած ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ հեղափոխությունն արտաքին քաղաքական հետևանքներ չի ունենալու։
– Ես կարծում եմ, որ Հայաստանը ցանկանում է օգուտներ ստանալ եվրասիական ինտեգրացիայից, ստանալ օգուտներ ռազմատեխնիկական համագործակցությունից և միաժամանակ հաստատելով մոնոպոլիա Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Այս կուրսն է շարունակվում։
– Պարոն Կոլերով, ի՞նչ է կատարվում՝ ըստ Ձեզ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Հայկական կողմը հերքում է, որ փաստաթուղթ է քննարկվում, ադրբեջանական կողմը նշում է, որ քննարկվում է փաստաթուղթ, խաղաղապահների տեղակայում և մի շարք այլ հարցեր։ Ադրբեջանական կողմը դեռ մոսկովյան հանդիպումից հետո էր նշել, որ քննարկվում են ռուսական 2016 թվականի առաջարկները։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Ամենակարևորը, որ քննարկվում է խաղաղապահների տեղակայման հարցը։ Այն, որ երևանյան դիվանագիտությունը չկարողացավ ժամանակին ադեկվատ կերպով դրան արձագանքել, նշանակում է, որ Երևանը դրա հետ համամիտ չէ։
– Եթե համամիտ չէ, Ձեր կանխատեսմամբ՝ դեպի ո՞ւր են տանում այդ բովանդակությամբ բանակցությունները։
– Հարցն այն է, որ Ադրբեջանը համաձայն է, համանախագահները համաձայն են։ Հենց դրա շուրջ էլ կշարունակվեն բանակցությունները։
– Այսինքն՝ կարող են լինել ճնշումնե՞ր Հայաստանի նկատմամբ։
– Կարծում եմ, որ այն, որ Հայաստանը համաձայն չէ խաղաղապահների հետ, թուլացնում է իր դիրքերը։ Բայց ես կարծում եմ, որ խաղաղապահների հարցով Հայաստանի անհամաձայնության պատճառն այն է, որ Հայաստանում չկա ներկայումս մեկ դիրքորոշում Ղարաբաղի հարցում։
Մի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահն Արցախը համարում է Հայաստանի մաս, մյուս կողմից՝ Փաշինյանը պայքարում է, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան։ Եթե Ղարաբաղը Հայաստանի մարզն է, ինչպե՞ս պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, դա նոնսենս է, Հայաստանի համար բարդ է նման իրավիճակում։ Եթե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ապա իմաստ չունի պայքարել, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան։ Ստացվում է շիզոֆրենիա։
– Խաղաղապահ ուժերի կազմը միշտ եղել է բանակցությունների առարկա, այդ թվում՝ համանախագահ երկրների միջև։ Ըստ Ձեզ՝ ո՞ր երկրից պետք է լինի խաղաղապահ առաքելությունը, դա պետք է լինի միջազգայի՞ն կոնտինգենտ, թե՞ մեկ երկրի կողմից ուժեր։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի կարգավորումը։ Ներկայումս ի՞նչ տարբերակներ են քննարկվում։
– Հարցն այն է, որ միջազգային ուժեր են, բայց մոնոնացիոնալ, օրինակ, 15 ներկայացուցիչ՝ տարբեր երկրներից, բայց զորքերը լինելու են կոնկրետ մեկ երկրից։ Խոսք էր գնում, որ խաղաղապահներ են պատրաստ լինել շվեդները, բայց այս հարցում հարկավոր է նաև Իրանի դիրքորոշումը: Իրանը միանշանակ հայտարարել է, որ չի հանդուրժի, որ խաղաղապահներ լինեն երրորդ երկրներից, այսինքն՝ ոչ տարածաշրջանային երկրից։ Նրանք համարժեք կերպով իրենց հաշիվ են տալիս և չեն ցանկանում արևմտյան խաղաղապահների մուտք։ Եթե Իրանի հետ ևս ուզում եք վիճել…
– Եթե ոչ՝ շվեդները, ապա…
– Ապա որևէ երկիր ԱՊՀ-ից։ Ղազախները, բելառուսները, ռուսները…