«1000 դոլարի տոմսս 1 վայրկյանում կորավ իրենց պատճառով». Քաղաքացուն անձնագիրն առանց նկարի են տվել
168.am-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ քաղաքացի Գայանե Ահարոնյանը, ով հայտնում էր, որ իր հին անձնագիրը, որտեղ առկա է եղել ԱՄՆ դեսպանատան կողմից տրված 10 տարվա վիզան՝ վնասել են Նոր Նորքի անձնագրային բաժանմունքում, և ինքը չի կարողացել մեկնել ԱՄՆ:
«Երեք ամիս առաջ անձնագրիս ժամկետը լրացել էր, բայց ոչ վիզայի: Գնացի անձնագրային բաժանմունք, որ նորը վերցնեմ, ու աշխատակցուհուն ցույց տվեցի հին անձնագրի վիզան, որը տրամադրել էր ԱՄՆ դեսպանատունը՝ 10 տարով: Ինձ հինը պետք է վերադարձնեին՝ առանց վնասելու: Սերիան պետք է դակեին ու նորի հետ տային ինձ: Մեկ շաբաթից որ գնացի անձնագիրը վերցնելու, միայն նորը տվեցին, պահանջեցի նաև հինը: Ես պետք է ԱՄՆ մեկնեի, տոմսը գնել էինք մի քանի ամիս առաջ: Բացում եմ, տեսնեմ՝ վիզայի էջը կա, բայց սերիայի էջը պատռած է: Նոր Նորքի անձնագրային բաժանմունքում էի: Աշխատողը վերցրեց, նայեց ու ասաց, որ դա նորմալ է, կարգն այդպես է:
Հարցնում եմ՝ ո՞նց, այսպես պատռա՞ծ: Պատասխանում է՝ այո, դնում եք նոր անձնագրի հետ ու տանում եք: Ծիծաղելով ասացի՝ այսինքն, 10 տարի ես այս պատռած անձնագիրը հետս պետք է տանեմ-բերե՞մ: Ասաց, որ կարգն այդպես է: Գնացի օդանավակայան, ամուսինս անցավ, ինձ էլ հարցրին՝ ո՞ւր է ձեր անձնագրի նկարը:
Ասում եմ՝ ո՞նց թե ուր է: Նայում եմ՝ նկարն էլ չկա: Թեպետ չէի տեսել, որ նկարի էջը չկա, տվել էի Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի պետին, թերթել, ասել էր՝ նորմալ է: Իսկ օդանավակայանում պատասխանեցին, որ կարգն այդպես է, երկու անձնագիրը միասին ցույց ես տալիս ու թռնում:
Լեհաստանից պետք է ԱՄՆ մեկնեի: Հարցում արեցին Լեհաստան, ասացին, որ նկարի էջի վրա սերիա կա, պետք է համապատասխանի:
Զանգեցի «Սփյուռ», Անձնագրային և վիզաների վարչության հեռախոսահամարը խնդրեցի, հետո պարզվեց՝ ինձ թեժ գծի համարն էին տվել, այդտեղ ինձ պատասխանեցին՝ դիմել Նոր Նորքի անձնագրային բաժանմունք: Այդպես էլ արեցի, բայց այստեղ հարձակվեցին ինձ վրա, թե՝ դու թեժ գիծ ես զանգահարել: Ես էլ պատասխանեցի, որ նման բան չկա, ընդամենը «Սփյուռից», Անձնագրային և վիզաների վարչության համարն եմ հարցրել: Ի դեպ, երբ նկարը մի կերպ գտան՝ ասացին՝ օդանավակայանում կասես, որ երեխան է պատռել: Ասում եմ՝ տիկին, դուք ինձ ձե՞ռք եք առնում:
Ասեմ, որ վիզա խփելը 160 դոլար է, դեսպանատանը վճարում ես, կարող է՝ վիզա տան, կարող է՝ չտան: Երկար դեգերումներից հետո, երբ անձնագրիս էջը մի կերպ գտան, ասում եմ՝ մի տեղեկանք տվեք, որ ձեր աշխատողի պատճառով է պոկվել, գրում է՝ անմխիթար գտնվելու պատճառով անձնագիրը փոխվել է: Ասում եմ՝ ձե՞ռք եք առնում, մի կեղտ կա՞ այս անձնագրի վրա: 1000 դոլարի տոմսս մեկ վայրկյանում կորավ իրենց պատճառով»,- պատմեց քաղաքացին:
Հայաստանի ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունից էլ 168.am-ին հայտնեցին, որ քաղաքացու բողոքի հիման վրա ծառայողական քննություն է իրականացվում:
Անի Կարապետյան