
Դատարանը հրաժարվեց ձերբակալել Թբիլիսիում անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող պատգամավորին

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 27-ին հրաժարվել է ձերբակալել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկանոր Մելիային, որը մեղադրվում է հունիսի 20-ի անկարգությունների կազմակերպման մեջ:
Մելիային ազատ են արձակել 30 հազար լարի գրավի դիմաց: Այդ գործով հերթական նիստը կկայանա օգոստոսի 16-ին: Դատարանի որոշումը ծափահարություններով են ընդունել Մելիայի տասնյակ կողմնակիցները դատարանի դահլիճում:
Նախօրյակին խորհրդարանը Մելիային ժամանակավորապես զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի դատախազությունը կարողանա նրա դեմ քրեական հետապնդում սկսել:
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավորին մեղադրում են հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու մեջ, երբ ցուցարարների հոծ բազմությունը խորհրդարանականի հետ միասին փորձում էր ճեղքել ոստիկանների պահպանաջոկատը եւ ներխուժել խորհրդարանի շենք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: