«Զատիկ» կենտրոն-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին:
Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝ կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»:
Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ և նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն:
Քննարկումից օրեր անց՝ այսօր, Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:
Բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նախարարությունը նորանոր հաջողություններ է մաղթում նրան՝ հետագա գործունեության ընթացքում: