«Տրամաբանություն չկար, թե ինչու պետք է 6 տարեկանը լիներ անվճար, իսկ 7 տարեկանը՝ ոչ անվճար». Արսեն Թորոսյան
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց առողջապահության ոլորտում փոփոխությունների մի շարք նախագծեր՝ 0-18 տարեկանների անվճար բուժում, շտապօգնության բարելավում, աշխատավարձերի բարձրացում, և այլն: Որոշվեց ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրել 12 մլրդ 33 մլն դրամ:
Թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ աշխատանքային գործուղմամբ արտերկրում գտնվող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով կառավարության որոշումներն աննախադեպ որակեց.
«Այսօր մենք 12 մլրդ դրամի հավելյալ միջոցների տրամադրում ունենք, որից 9,5 մլրդ դրամն օգտագործվելու է բժշկական ծառայությունների տրամադրման համար, 2,5 մլրդ-ը՝ կապիտալ ծախսերի, որից 2 մլրդ դրամը ՝ սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 500 միլիոնը՝ նախագծերի նախահաշվային փաստաթղթերի ձևակերպմանը, որի արդյունքում հետագայում մոտ 15 բժշկական կենտրոն կվերանորոգվի, 13-ը՝ մարզերում, երկուսը՝ Երևան քաղաքում»:
Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում տեղի ունեցող հիմնական փոփոխությունը սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների խմբի ընդլայնումն է։
«Դրա մեջ ներառվելու են նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։
Մենք, փաստացի, 230 հազար քաղաքացիների խմբին ևս 500 հազար ենք ավելացնում, որոնք կօգտվեն այդ ծառայություններից:
Նաև ավելացնում ենք այն երեխաների թիվը, որոնք օգտվելու են պետական պատվերից՝ 0-7 տարեկան երեխաների բուժօգնությունը տարածվելու է 0-18 տարեկան քաղաքացիների վրա, որովհետև, ըստ էության, տրամաբանություն չկա, թե ինչու պետք է 6 տարեկանը լիներ անվճար, իսկ 7 տարեկանը՝ ոչ անվճար:
Նախարարը հավելեց, որ աշխատանքներ են տարվում նաև մանկական նյարդաբուժության և մեծահասակների նյարդավիրաբուժության ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան