
ՀՀ ՊՆ-ն կնքել է պայմանագրեր հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ

Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: «Առաջին ալիքի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի ռազմական օդուժը վերազինման փուլում է: Այդ նպատակով ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին երկկողմ հանդիպումներ է ունենում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
«Այդ պայմանագրերը շատ կարևոր են մեր զինված ուժերի զարգացման շարունակականությունն ապահովելու համար»,-ասել է Դավիթ Տոնոյանը: Մատակարարումներ սկսվելու են այս տարվա վերջին կամ 2020 թվականի սկզբին: Սպառազինություններ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են:
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական ռազմական օդուժի Կովկասում կիրառելիությունը թերագնահատելուն: «Եթե ավելի ուշադիր լինեն, ապա կնկատեն, որ նույն բազմաֆունկցիոնալ ռազմական օդուժը օգտագործվում է Հիմալայներում՝ ավելի բարձրադիր գոտիներում»,-ասել է Դավիթ Տոնոյանը:
«Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 100 օտարերկրյա պատվիրակություն, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը տեղակայված է առանձին տաղավարում: