Օսակայում ավարտվում են G20-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները
Օսական հունիսի 27-ին ավարտում է Քսանի խմբի երկօրյա գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքները, որը հունիսի 28-ին կբացվի երկրի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի այս ոչ պաշտոնական մայրաքաղաքում: Ճապոնիայի բոլոր ծայրերից այս շրջան է փոխադրվել 32 հազար ոստիկան: Նրանք ապահովում են Սակիսիմա արհեստական կղզու անվտանգությունը, որտեղ INTEX Osaka ցուցահանդեսային կենտրոնում կկայանա մոլորակի առաջատար երկրների ղեկավարների ամենամյա խորհրդակցությունը, երկրներ, որոնք թողարկում են գլոբալ ՀՆԱ-ի գրեթե 90 տոկոսը:
Կղզու մատույցները փակված են արգելադետքերով, ոստիկաններն ընտրողաբար կանգնեցնում են ավտոմեքենաներ, ստուգում դրանց սրահներն ու բեռնախցերը: Օսակայի ծոցի կողմից ցուցահանդեսային համալիրը հսկում են Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերի 60-ից ավելի զինված աշխատակիցներ:
Քաղաքի ոստիկանությունը գագաթնաժողովի մոտենալու կապակցությամբ փակել է մի շարք ճանապարհներ, ներառյալ արագընթաց վճարովի ավտոմայրուղիները: Սակայն ՏԱՍՍ-ի թղթակիցները հունիսի 27-ին համոզվել են, որ Օսակայի փողոցները բավականին ազատ են, խցանումներ չկան: Տեղի բնակիչները, դատելով ըստ ամենայնի, անսացել են առանց հատուկ անհրաժեշտության գագաթնաժողովի ընթացքում անձնական ավտոմոբիլներից չօգտվելու իշխանությունների կոչերին:
Ինչպես հայտնել են G20-ի լուսաբանման կազմկոմիտեում, հունիսի 27-ին եւ 28-ին քաղաքում փակ կլինեն նաեւ մունիցիպալ դպրոցները, որպեսզի նվազեցվի տրանսպորտի բեռնվածությունը: Օսակայում չեն աշխատում բազմաթիվ տուրիստական օբյեկտներ, ներառյալ տեղի գլխավոր տեսարժան վայրը՝ Օսակայի ֆեոդալական դղյակը, որն ամենանշանավորներից մեկն է Ճապոնիայում: Փակվել են նաեւ մի քանի ժամանցային հաստատություններ: Օսակայի նահանգապետ Հիրոֆումի Յոսիմուրան անձնական խնդրանքով դիմել է բնակչությանը՝ առավելագույն համբերություն դրսեւորել գագաթնաժողովի ընթացքում, չնայած բոլոր անհարմարություններին: