
Ռուս զբոսաշրջիկների արտահոսը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ

Վրացական ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում բազմաթիվ արտաքին գործոններ, այդ թվում նաեւ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատման սպասումը: Այդ մասին ասված է Վրաստանի ազգային բանկի՝ հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Արժույթի փոխարժեքի վրա ազդում են տարբեր ներքին ու արտաքին գործոններ, այդ թվում եւ սպասումները: Համապատասխանաբար, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի սպասվող կրճատման վերաբերյալ տեղեկատվությունը վերջին օրերին արտացոլվելէ նաեւ արժութային շուկայում:
Այս փուլում դժվար է կանխատեսումներ անել, սակայն, նախնական հաշվարկների համաձայն, Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի կրճատումը մնացած ժամանակաշրջանում Վրաստանի տնտեսության վրա կազդի մոտավորապես 200 մլն դոլարից մինչեւ 300 մլն դոլարի չափով: Այս արտաքին շոկը կազդի վճարային հաշվեկշռի վրա եւ, համապատասխանաբար, փոխարժեքի վրա»,-ասված է կարգավորիչի հայտարարության մեջ:
Վրացական ազգային արժույթը, որը երկար ժամանակ տատանվում էր 1 դոլարի դիմաց 2,68-2,70-ի շրջանում, հունիսի 25-ին հակառեկորդ է սահմանել . լարիի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 2,82:
Լարին անկումը շարունակել է նաեւ հաջորդ օրերին: Հունիսի 27-ին փոխարժեքը 2,84 լարի է դոլարի դիմաց: Փոխարժեքն էլ ավելի բարձր է առեւտրային բանկերում եւ արժույթի փոխանակման կետերում, հաղորդլ է ՏԱՍՍ-ը: